«Հրապարակ» օրաթերթը տեղեկություն էր հրապարակվել, թե կառավարությունն այլևս չի օգտվում Ucom ընկերության մատուցած ինտերնետ ծառայություններից:
Ըստ հրապարակման՝ մի քանի օր առաջ հայտարարված մրցույթի ժամանակ հաղթել է ոչ թե Ucom, այլ ABC-Բիլայն համատեղ ընկերությունը, որն ավելի մատչելի պայմաններ էր առաջարկել:
Այս տեղեկությունն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց Ucom ընկերության մարկետինգի բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանը՝ ընդգծելով, որ դրա մեջ ոչ մի արտասավոր բան չկա:
«Սա նորմալ պրակտիկա է, մի տարի Ucom-ն է հաղթել տենդերը, մի տարի՝ ոչ: Մի քանի տարի առաջ էլի մենք չէինք մատուցում: 2009 թվականից սկսած մասնակցել ենք տենդերներին, բայց ամեն տարի չէ, որ մենք ենք հաղթում:
Մեր այն դիտարկմանը ի պատասխան, թե հրապարակման մեջ նշված է նաև, որ ABC-Բիլայն ընկերության մեջ բաժնեմաս ունի երկրորդ նախագահի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, գուցե միտո՞ւմ են տեսնում, Բարսեղյանն ասաց․ «Դուք հասկանում եք, որ մենք դրա մասին ինֆորմացիա չենք կարող ունենալ: Մենք գիտենք, թե մենք ինչու ենք պարտվել: Իսկ պարտվել ենք, որովհետև ավելի բարձր գին էինք առաջարկել ծառայությունների համար:
Եթե նայեք իրենց և մեր առաջարկածի գները, կտեսնեք, որ մենք բավականին թանկ գին ենք առաջարկել, այդ իսկ պատճառով այս տարի պարտվել ենք»,- ասաց Ucom ընկերության ներկայացուցիչը:











































