Anonymous միջազգային ցանցահենային կազմակերպությունը հարձակման է ենթարկել ճապոնական Վակայամա պրեֆեկտուրայի կայքը: Ցանցահենների ընտրությունը կանգ է առել հենց այս պրեֆեկտուրայի վրա այն պատճառով, որ այնտեղ է գտնվում տեղացի ձկնորսների կողմից դելֆինների արյունալի որսով ողջ աշխարհում տխուր հռչակ ձեռք բերած Թայձի գյուղը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Երեկ Anonymous-ի Twitter-ի էջում հաղորդագրություն էր հայտնվել այն մասին, որ ցանցահենների խումբը սկսում է «Մարդասպանների ծովախորշ» գործողությունը: Դրանից հետո պրեֆեկտուրայի կայքն անհասանելի է եղել: Այն հասանելի է դարձել 15 րոպե անց: Ցանցահենները նշել են, որ «կրակը» նախազգուշական է եղել:
Նրանք խոստացել են վերադառանալ փետրվարի 9-ին: Հենց այդ օրն է Թայձիի ծովախորշում նշանակված դելֆինների հերթական որսը:











































