«Առաջին լրատվական»-ն այսօր Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանից հետաքրքրվեց, թե Հայաստանում այսօր կոչումով գիտնականների քանի՞ տոկոսն է զբաղվում գիտությամբ, և քանիսին են 2013-ին արտագաղթել:
Նրա խոսքով՝ ԳՊԿ-ն այն եզակի կառույցներից է, որն ամեն ինչ գրանցում է իր մոտ: «Մենք ունենք 92 թվականից մինչև այսօր ՀՀ-ի տարածքում աշխատած բոլոր գիտնականների մասին հստակ ինֆորմացիա, մոտ 29.000 մարդու մասին հստակ ինֆորմացիա ունենք, թե ով որտեղ է հրապարակվում, ինչ գրանտներ է շահել և այլն»,- ասաց նա և հավելեց, որ ՀՀ-ում գիտնականների արտահոսքը արտերկիր տեղի ունեցավ 92 թվականից մինչև 2000-ականներ:
Նա նշեց, որ այսօր նույնպես որոշ քանակությամբ գիտնականներ գնում են, բայց գիտության ոլորտում այն ծավալները չեն, ինչը նախկինում էր: Գնացողների մեծ մասը, կոմիտեի նախագահի խոսքով, 35-40 տարեկան մարդիկ են, ովքեր պահանջարկված են, և այդ ցավը ոչ միայն ՀՀ ցավն է, այլև ամբողջ ԱՊՀ երկրների տարածքում է դա տեղի ունենում, ավելի լավ պայմաններ են առաջարկում, նրանք գնում են:
Ի դեպ, այս խնդիրը, նրա դիտարկմամբ, առկա է բավականին զարգացած, լուրջ տնտեսություն ունեցող պետություններում, օրինակ՝ Իտալիայում գիտնականների մի մասը մեկնում է Միացյալ Նահանգներ:
Գիտության ոլորտում աշխատողների քանակը, որի մեջ սպասարկող անձնակազմն է, 7500 մարդ է գրանցված, որոնց մոտավորապես 30 տոկոսը գիտաշխատողներ են, և ոչ բոլորն են հաջող գիտաշխատողներ:
«Մոտ 1200 գիտնականներ ունենք, որոնք ռեյտինգային ամսագրերում ունեն հոդվածներ: Կարելի է ասել, որ բավականին հաջող են աշխատում այս ոլորտում: Թոմսոն Ռոյթերսի տվյալներով՝ Հայաստանը, Վրաստանի և Ադրբեջանի համեմատությամբ, հղումների և հոդվածների քանակով բավականին լավ դիրքեր է զբաղեցնում, մեր արդյունքներով զիջում ենք Իսրայելին»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանը ավելի շատ հոդված է տպագրել 2013-ին, քան Վրաստան ու Ադրբեջանը միասին վերցրած. Հայաստանը տպագրել է մոտ 750 լուրջ հոդվածներ, որոնք հրապարակվել են միջազգային ամսագրերում:
«Ես չէի ասի, որ կարելի է հպարտանալ այս արդյունքով»,-ասաց Սամվել Հարությունյանը:
Նա նաև նշեց, որ կիրառական ոլորտում որոշակի խնդիրներ ունենք, մեր տնտեսությունը դեռ այն վիճակում չէ, որ գիտնականների տված արդյունքները վերցնենք և կիրառենք: Այստեղ, նրա խոսքով, անելիքներ ունենք:








































