Կազանի գլխավոր արդյունքն այն էր, որ ԼՂ հարցի բանակցային գործընթացում ավարտվում է արհեստական լավատեսությունների շրջանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։ Ըստ նրա՝ արհեստական լավատեսությունների այդ շրջանը սկսվել էր դեռևս 2006 թ.-ին՝ Ռամբուեյի բանակցություններից առաջ, երբ միջնորդները պաշտոնապես նույնիսկ ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ փաստաթղթի ստորագրման ժամկետներ էին նշում՝ 6 շաբաթ, այնուհետև 3 ամիս և այլն։
Որպես Կազանի բանակցությունների մյուս կարևոր արդյունք Ս. Գրիգորյանը նշեց բանակցությունների կարևորության գիտակցումը։ «Արդյունք չկա և դա մեծ ու լուրջ արդյունք է։ Արդյունքն այն է, որ պետք է բանակցել, ոչ թե պատերազմել»,- ասաց Ս. Գրիգորյանը՝ հավելելով, որ Կազանում ևս մեկ անգամ շեշտվեց Մինսկի խմբի կարևորությունը։ Հարցին, թե ինչպես է գնահատում պատերազմի հավանականությունը, Ս. Գրիգորյանը ասաց, թե Կազանից հետո պատերազմի հավանականությունը չի մեծացել։
Անդրադառնալով Կազանից առաջ Միջազգային ճգնաժամային խմբի ղեկավար Սաբինա Ֆրեյզերի հայտարարություններին ԼՂ հարակից տարածքների հանձնման և 600 հազար ադրբեջանցի փախստականների վերադարձման վերաբերյալ, Ս. Գրիգորյանը նշեց, թե «Սաբինա Ֆրեյզերը պրովակատոր է»։ «Անվստահության այս աստիճանի պայմաններում այս պահին խոսել փախստականնների վերադարձի մասին նշանակում է պրովակացիա անել»,- հայտարարեց Ս. Գրիգորյանը։











































