Կոնեկտիկուտ նահանգի դատախազությունը հունվարի 21-ին մեղադրանք է առաջադրել 59-ամյա ինժեներ Մոզաֆար Խազայիի դեմ՝ 5-րդ սերնդի F-35 Lightning II կործանիչի մասին Իրանին փաստաթղթեր փոխանցելու փորձի համար: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Հաղորդվում է, որ Խազային որպես ինժեներ է աշխատել Պենտագոնի կապալառու ընկերություններից մեկում և հասանելիություն ունեցել նոր ինքնաթիռի վերաբերյալ տեղեկություններին: Նա ունեցել է երկքաղաքացիություն՝ ԱՄՆ-ի ու Իրանի:
Հատուկ ծառայությունները սկսել էին հետևել նրան 2013-ի նոյեմբերին: ԱՄՆ մաքսային ծառայության աշխատակիցներն ուսումնասիրել էին նրա ծանրոցը, որը Կոնեկտիկուտից Կալիֆոռնիա էր ուղարկվել: Հարակից թղթերում ասվում էր, որ նրանում կենցաղային ապրանքներ են, սակայն իրականում այնտեղ եղել են փաստաթղթեր:
Տղամարդը ձերբակալվել էր հունվարի 9-ին՝ Նյուարքի օդանավակայանում, ԱՄՆ-ը լքելու փորձի ժամանակ:
Նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում:







































