Տորոնտոյի քաղաքապետ Ռոբ Ֆորդի խոստումը՝ այս տարվա ընտրություններից առաջ իր կենսակերպը փոխելու մասին, խախտվել է: Այս մասին գրում է կանադական The National Post-ը:
Համացանցում հայտնվել է նոր տեսագրություն, որում անսթափ վիճակում գտնվող քաղաքական գործիչը վիրավորական բնույթի դիտողություն է անում քաղաքի ոստիկանապետի հասցեին: Տեսագրությունը նկարահանվել է երկուշաբթի երեկոյան՝ Տորոնտոյի ռեստորաններից մեկում:
Ֆորդը բազմիցս պնդել է, որ թմրանյութերին ու ալկոհոլին չի մոտեցել նոյեմբերից ի վեր, երբ խոստովանեց կոկաինի օգտագործումը:
«Ես մի քանի ընկերների հետ էի, և այն, ինչ ես անում եմ իմ անձնական կյանքում՝ իմ անձնական ընկերների հետ, իմ գործն է: Դա Ձեզ հետ որևէ կապ չունի»,- երեքշաբթի լրագրողներին ասել էր Տորոնտոյի քաղաքապետը:
Պարբերականը նշում է, որ տեսագրությունը կարող է կործանարար լինել վերընտրվել պատրաստվող Ֆորդի արշավի համար:








































