Ուկրաինայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետևում ԱՄՆ-ի ու ԵՄ-ի համաձայնեցված ջանքերն են՝ կարծում է Politics First բրիտանական ամսագրի գլխավոր խմբագիր Մարկուս Պապադոպուլոսը:
«Ուկրաինայում մենք տեսնում ենք ԱՄՆ-ի ու ԵՄ-ի համակարգված ջանքերը՝ ուղղված նախագահ Վիկտոր Յանուկովիչի՝ ժողովրդավար կերպով ընտրված կառավարության տապալմանը՝ երկրում ընդդիմադիր կուսակցությունների ոգեշնչման ու կազմակերպման ուղով»,- ասել է Պապադոպուլոսը՝ հատուկ ընդգծելով, որ անձնական կարծիք է հայտնում, որը կարող է տարբերվել խմբագրական կոլեգիայի պաշտոնական դիրքորոշումից: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնն ու Բրյուսելը հետապնդում են աշխարհառազմավարական նպատակներ՝ ստեղծել արևմտամետ և հակառուսական կառավարություն, որը կձգտի ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամակցության, ինչպես Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարությունը:
«Ուկրաինայի՝ որպես անկախ երկրի ինքնիշխանությունը մերժվել ու ոտնահարվել է ԵՄ պաշտոնյաների կողմից՝ ամերիկացի, գերմանացի և լեհ պաշտոնյաների հետ համատեղ, ինչպիսին է, օրինակ, ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը, ով եկել էր Կիև և ոգեշնչել ընդդիմության ցույցերը»,- ասել է փորձագետը:








































