Ամերիկացի միլիարդատեր և հեռուստահաղորդավար Դոնալդ Թրամփը չի բացառում, որ 2016 թ. հանրապետականների կողմից կարող է պայքարել նախագահի պաշտոնի համար:
«Ես չեմ բացառում, որ կպայքարեմ ԱՄՆ նախագահի պաշտոնի համար: Եվ գիտե՞ք ինչու: Ես դժգոհ եմ, թե ինչպես են ընթանում Ամերիկայի գործերը»,- Թրամփի խոսքերն է մեջբերում ИТАР-ТАСС-ը:
Միլիարդատերը խիստ քննադատության է արժանացրել նախագահ Բարաք Օբամայի վարած քաղաքականությունը, մասնավորապես՝ նրա նախաձեռնած առողջապահական բարեփոխումները: Դրանից բացի, Թրամփի կարծիքով, Օբաման բավականին ջանքեր չի թափել ԱՄՆ-ի տնտեսությունը ամրապնդելու համար, սխալ քաղաքականություն է վարել Իրաքում, Աֆղանստանում և Սիրիայում:
Թրամփը մտադիր էր մասնակցել 2012 թ. նախագահական ընտրություններին, սակայն ընտրություններից մի քանի ամիս առաջ հանել էր իր թեկնածությունը՝ հայտարարելով, որ պատրաստ չէ թողնել իր բիզնեսը:
Նա նշել է նաև, որ այս տարի կարող է պայքարել Նյու Յորքի նահանգապետի պաշտոնի համար: Նրա խոսքերով՝ այդ նպատակներով նա պատրաստ է 200 միլիոն դոլար ծախսել:
Թրամփը հաճախ է հրապարակավ քննադատել Օբամային: Մի քանի տարի առաջ նա մի ամբողջ արշավ էր սկսել ՝պահանջելով նախագահից ցույց տալ իր ծննդյան վկայականը, որն ապացուցում է, որ Օբաման ամերիկյան քաղաքացիություն ունի, և համապատասխանաբար, ԱՄՆ նախագահի ընտրութուններին մասնակցելու իրավունք: Սպիտակ տունն այդ քայլին գնացել է 2011 թ. ապրիլին:










































