Լատվիան պատրաստվում է արդեն այս տարի հրաժարվել արտաքին ֆինանսական օգնությունից, իսկ 2014 թ., երբ բոլոր պահանջները կատարած լինի, դառնալ եվրագոտու անդամ: Այս մասին ճապոնական Nikkei թերթին տված հարցազրույցում հայտարարել է Լատվիայի վարչապետ Վալդիս Դոմբրովսկիսը:
«Արդեն հաջորդ տարի մենք կբավարարենք եվրագոտի մտնելու չափանիշներին: Պետք է ձգտենք 2014 թ. հունվարին մուտք գործել այնտեղ»,- ասել է վարչապետը: Դրա համար հանրապետությանը մասնավորապես անհրաժեշտ է կրճատել բյուջեի պակասորդը մինչև ՀՆԱ-ի 3%-ը և սահմանափակել գնաճը:
Վարչապետն ասել է, որ այս տարի համաշխարհային բանկից Լատվիան կստանա 100 միլիոն եվրո վարկ, որից հետո այլևս կհրաժարվի արտաքին օգնությունից: Այս պահին Եվրամիության անդամ մերձբալթյան 3 հանրապետություններից միայն Էստոնիան է համարվում եվրագոտու անդամ:










































