Պաշտոնական Թբիլիսին Սոչիի Օլիմպիադայի անվտանգությունն ապահովելու նպատակով համագործակցելու առաջարկի վերաբերյալ Ռուսաստանից պատասխան չի ստացել:
Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի խոսքերով՝ առաջարկն արել է վարչապետի պաշտոնական ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի ձեռնարկած միջոցներին, ապա նման ձևաչափի ցանկացած արարողությանն անկանխատեսելի բաներ կարող են լինել: Նման դեպքեր եղել են նաև մյուս օլիմպիադաներին, այնպես որ ոչ մի հատուկ բան չկա, որ երկիրն ուժեղացնում է անվտանգության միջոցառումները: Սակայն դա չպետք է տեղի ունենա այլ երկրի տարածքային ամբողջականության և ինքնավարության հաշվին»,- ասել է ԱԳ նախարարը:
«Վրաստանը պատրաստ է Օլիմպիադայի անվտանգությունն ապահովելու նպատակով համագործակցել Ռուսաստանի հետ: Այս առաջարկը Ռուսաստանը ստացել է մի քանի անգամ, սակայն կոնկրետ պատասխան չի տվել: Այս առաջարկը մենք ևս մեկ անգամ հաստատում ենք»,- ասել է Փանջիկիձեն:
Նրա խոսքերով՝ Վրաստանում Օլիմպիադայի անվտանգությունն ապահովելու նպատակով արդյունավետ աշխատանքներ են տարվում: «Հուսով եմ, որ մեզ կհաջողվի այնպես անել, որ մեր կողմից ոչ մի սպառնալիք չլինի»,- հայտարարել է ԱԳ նախարարը:











































