«Ալ-Քաիդա»-ին մոտ կանգնած սիրիական «Ջեբհաթ Ալ-Նուսրա» խմբավորումը ստանձնել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում «Հըզբոլլահի» շտաբ-գրասենյակի մոտ տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը՝ հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը: Պարզվել է, որ պայթյունն իրագործել է ականապատ ավտոմեքենայում նստած մահապարտ ահաբեկիչը:
Կազմակերպության ներկայացուցիչների խոսքերով՝ պայթյունը վրեժ է Բաշար Ալ-Ասադի վարչակարգին աջակցելու համար: Նշենք, որ պայթյունի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել ավելի քան 30 մարդ: Տուժածներից ոմանք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Sky News Arabia հեռուստաալիքն իր հերթին հաղորդում է, որ թաղամասում, որտեղ պայթյուն է որոտացել, տեղի է ունեցել փոխհրաձգություն: Առկա տեղեկատվության համաձայն՝ անհայտ անձինք կրակը բացել են հարևան փողոցներից, որտեղ տեղակայված է «Հըզբոլլահի» քաղաքական բյուրոյի շենքը:











































