Սիրիայում գործող «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը նախօրեին իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայտարարել է հասարակական վայրերում ծխելու և երաժշտության արգելքի մասին, իսկ կանանց պարտավորեցրել է կրել նիկաբ՝ հագուստ, որն ամբողջությամբ ծածկում է կնոջ դեմքը և կազմվածքը: Բացի դրանից՝ կանայք չեն կարող երեկոյան ժամերին մենակ դուրս գալ փողոց:
Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, հայտարարությունը հրապարակվել է իսլամիստական կազմակերպության պաշտոնական կայքում:
Խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքներում արգելվել է ձայնասկավառակների վաճառքը, երաժշտությունն ավտոմեքենաներում, ավտոբուսներում, խանութներում և այլ հասարակական վայրերում, առևտրականներին չի թույլատրվում գովազդ կախել խանութի դրսում և ներսում:
Խմբավորման ներկայացուցիչները մեկնաբանել են, որ այդ ամենն արվում է, որպեսզի հավատացյալները չշեղվեն աղոթքից և Ղուրան ընթերցելուց:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ արգելվում է վաճառել ծխախոտ կամ կալյան: Իսլամիստների կարծիքով՝ ծխելը ևս աստվածահաճո զբաղմունք չէ:









































