«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:
– Պարոն Զոհրաբյան, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմը վերջին շրջանում շրջանառության մեջ դրեցին նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունը: Արդյո՞ք այդ քայլով Ռ. Քոչարյանը փորձում էր իր նախագահության տարիների բացասական երևույթները վերագրել նրան:
– Այդ տարիներին սոցիալ-տնտեսական, քաղաքական խնդիրները որոշ՝ բնականաբար ոչ հավասար չափով պիտի վերաբերեն նաև վարչապետին: Խնդիրը միայն այն չէ, որ սեփական խնդիրները լուծելու համար Ա. Մարգարյանի անունը շահարկելը բարոյական հարթությունում չէ: Եվ դա վերաբերում է բոլոր կողմերին: Նա միայն իր 7 տարվա վարչապետությամբ չի հայտնի հանրությանը, նա հայտնի է որպես անկախ Հայաստանի համար պայքարած և դրա համար տուժած գործիչ: Նա իր վարչապետության շրջանում պատվով է կատարել սոցիալ-տնտեսական և քաղաքական խնդիրները և այսօր չկա: Ով շահարկում է, ես դա համարում եմ ոչ բարոյական: Այն մարդիկ, ովքեր ուզում են շահարկել Ա. Մարգարյանի անունը, նրա պայքարի տարիներին կվախենային նույնիսկ մի ակնարկ անել Հայաստանի անկախության մասին:
– Բայց տվյալ դեպքում Ռ. Քոչարյանն ու նրա թիմը գտնում են, որ Ա. Մարգարյանի աշխատանքը քննադատում է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ փուչիկ համարելով այդ տարիների տնտեսական աճը:
– Չմոռանանք, որ այդ ժամանակ Տ. Սարգսյանը ԿԲ նախագահ էր և հեռու չէր տնտեսական գործունեությունից: Եվ այդ հարցերը թող իրար մեջ լուծեն ու Ա. Մարգարյանի հետ գործ չունենան: Իսկ Տ. Սարգսյանի դեմ ուղղված մեղադրանքները ես չեմ ընդունում: Նա ՀՀԿ ԳՄ անդամ է, նախագահի տեղակալը և ՀՀ վարչապետն է: Ձեր կարծիքով` ես ո՞ւմ պետք է պաշտպանեմ: Ռ. Քոչարյանի՞ն, որ պաշտոնաթող նախագահ է, թե՞ Տ. Սարգսյանին, որը մեր վարչապետն է արդեն 6 տարի: Եվ եթե մենք չենք պաշտպանում մեր վարչապետի գործունեությունը, ապա սայրը ուղղվում է նաև ՀՀ նախագահին: Այնպես չէ, որ վարչապետն առանձին իր համար գործունեություն է վարում, նախագահն՝ առանձին: Կպնել ՀՀԿ-ի որևէ պաշտոնյայի, նշանակում է կպնել ՀՀ նախագահին, ՀՀԿ-ին: Ռ. Քոչարյանը դա լավ գիտի, բայց քանի որ ինչ-որ արտահայտություններից նեղացած է, մի երկու բան ավելի է ասել: Կարծում եմ, որ Տ. Սարգսյանը շատ չեզոք ներկայացրեց, որ պետք չէ շարունակել այդ բանավեճը: Իսկ ում մոտ զգացմունքներն ավելի լարված էին, երկար շարունակեց: Զգացմունքների գերլարում էր տեղի ունեցել, և լավ է, որ ընդհարումը եղավ միայն մամուլի շրջանակներում: Իսկ դա էլ իր հերթին ապացուցեց, որ մեր երկրում կա խոսքի ազատություն:
– Անկախ այն հանգամանքից՝ ձեր ընդդիմախոսների քննադատությունը Տ. Սարգսյանին, թե Սերժ Սարգսյանին է ուղղված, չե՞ք կարծում, որ քննադատությունները տեղին են: Տնտեսության գերմոնոպոլացում կա, որի արդյունքում էլ աղքատության և արտագաղթի ծավալներն աճում են:
– 22 տարվա պետություն ենք, և իսկապես շատ լավ չէ վիճակը: Այդ վիճակից դուրս գալու համար ելք էինք ուզում գտնել և սկսեցինք ԵՄ հետ համագործակցության ծրագրից, որը չամբողջացվեց: Հիմա փորձում ենք Մաքսային միության հետ համագործակցել, և դեռ պարզ չէ, թե ինչ կստացվի: Բայց փորձում ենք քայլեր անել, որ անկախ պետականությունը ամրապնդվի:
– Միգուցե նախ պետք է այդ ելքը ներսո՞ւմ գտնել: Որովհետև չի կարելի մի քանիսին տալ ամեն ինչ, իսկ մյուսներին որևէ բան ունենալու հնարավորություն չտալ:
– Խնդիրը միայն այս վերջին 22 տարվա մեջ չէ, այն ավելի խորը արմատներ ունի: Դա մեզ մոտ դեռ հոգեբանական խնդիր է: Դարեր շարունակ մենք պետություն չենք ունեցել և առայժմ դեռ միասնականության ու պետականության ընկալման խնդիր ունենք: Եվ մենք մեր թերությունները պետք է մեր մեջ փնտրենք: Այնուամենայնիվ պետք է առաջ գնանք, և մեզ պետք են խարիզմատիկ առաջնորդներ, ովքեր կհամախմբեն մեր ժողովրդին թե տնտեսական ու քաղաքական, և թե պատերազմական վիճակներում: Հասկանում եք, թե ում նկատի ունեմ՝ խարիզմատիկ առաջնորդ ասելով:
– Դուք կարծում եք` ձեր առաջնորդը խարիզմատի՞կ է: Քաղաքական դաշտում այդպես չեն կարծում:
– Քաղաքական դաշտում կարող են համարել և չհամարել, բայց պատմությունը գրվում է, և արդյունքում պետք է դա որոշվի: 100 տարի պետություն չենք ունեցել, չենք համախմբվում, հիմա հնարավորություն է տրվել, և դժվարությամբ պահպանում ենք:
– Քաղաքական դաշտում արդեն տևական ժամանակ է, ինչ ոչ իշխանական չորս կուսակցություններ համախմբվում և պայքարում են իշխանությունների, տարբեր խնդիրների դեմ: Չե՞ք կարծում, որ նրանց բարձրացրած խնդիրները մտահոգիչ են և լուծում են պահանջում:
– Մենք լավ տեղյակ ենք այդ միասնականությունից, միշտ էլ միավորվելու փորձեր արվել են, ինչ-որ պահի նաև միավորվել են, բայց բացի ծրագրեր ներկայացնելուց, նրանց մոտ ուրիշ ոչինչ չի ստացվում: Ես չեմ ասում, թե որևէ այլ քաղաքական ուժ չի կարող իշխանության գալ: Կա ընտրություն, կա ծրագիր, և եթե ժողովուրդն իր ձայնը կտա, թող գան իշխանության: Նույնիսկ այս վերջին միտինգում և քաղաքացիական հասարակության, և քաղաքական ուժերի ներկայացուցիչներ կային: Նրանց ծրագրերն ու մոտեցումներն ուրիշ են: Քաղաքական կուսակցությունները պայքարում են իշխանության գալու համար, քաղաքացիական հասարակությունը պետք է հետևի, վերահսկի, որ պետության մեջ արդարությունը գերակշռի: Այս երկու բևեռները չեն կարող միավորվել, եթե միավորվեն, կնշանակի, որ քաղաքացիական հասարակությունը արհեստականորեն պատրաստված է այդ քաղաքական ուժերի կողմից: Դրա համար էլ այդ երկու կողմերն ընդհանուր ճանապարհ չունեն: Այդ քաղաքական ուժերի մեջ կան նախկին իշխանությունների ներկայացուցիչներ, և նրանք միշտ էլ պայքարում են իշխանության գալու համար:
– Այնուամենայնիվ, չե՞ք կարծում, որ մեր երկրի տնտեսական համակարգն այնպիսին է, որը ստեղծում է մոնոպոլիաներ, ինչի հետևանքով էլ անընդհատ ավելանում է աղքատությունն ու արտագաղթը:
– Մենք փոքր պետություն ենք, շրջապատման մեջ ենք, կիսապատերազմական վիճակում ենք: Դրա համար էլ առաջին ուշադրությունը կենտրոնացնում ենք բանակի սպառազինման վրա, քանի որ պատերազմական պայքարի ընթացքում եթե թույլ եղանք, կկորցնենք թե Լեռնային Ղարաբաղը, թե Հայաստանը: Դրա համար էլ տնտեսությունը դեռ չի կարողանում զարգանալ: Չէ՞ որ պատերազմն էլ է տնտեսություն, զենք ես առնում, բանակ ես պահում: Մեր հնարավորությունները շատ չեն: Բայց համաձայն եմ, եթե կան խնդիրներ, պետք է լուծել: Եվ քաղաքացիական հասարակությունը պետք է պայքարի նման խնդիրների՝ կաշառակերության, յուրացումների դեմ: Հիշում եք` նախագահը յուրացումների ու կաշառակերության համար պաշտոններից հեռացրեց մի շարք մարդկանց: Բայց դա քիչ է, և եթե ամբողջ հասարակությունը չպայքարեց, ընդդիմությունը, քաղաքացիական հասարակությունը և իշխանությունը չեն կարող արդյունքի հասնել:
– Բայց քաղաքական դաշտում և հասարակության մեջ կարծիք կա, որ այդ երևույթները հովանավորվում են նախագահի կողմից: Իսկ պաշտոնանկությունների կամ ձերբակալությունների մի քանի դեպքերն ընդամենը ցուցադրական քայլեր են:
– Խնդրի լուծումը պետք է փնտրել ամբողջ հասարակության մեջ: Եթե հասարակությունը մերժի նման երևույթները, դա մեծ օգնություն կլինի իշխանությունների համար:









































