Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ խոստանում է օրինական մեթոդներ կիրառել՝ Կիևում կարգուկանոն հաստատելու համար: Այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն:
«Ցանկանում եմ նշել, որ կգործադրեմ բոլոր ջանքերը՝ հասարակական կարգն ապահովելու, խաղաղ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար, և կօգտագործեմ բոլոր իրավական և Ուկրաինայի օրենքներով նախատեսված այլ մեթոդներ՝ հասարակության հանգստության ապահովման և մեր բոլոր հայրենակիցների անվտանգության համար»,- հայտարարել է նա:
«Ես հարգել եմ ձեր՝ զանգվածային ակցիաներին մասնակցությունը, հայտնել ձեր դիրքորոշումը լսելու և գոյություն ունեցող հակասությունների լուծման ուղին համատեղ գտնելու պատրաստակամություն, սակայն այժմ, երբ խաղաղ ակցիաները վերածվում են զանգվածային անկարգությունների, որոնք ուղեկցվում են հրդեհներով և բռնությամբ, ես վստահ եմ, որ նման երևույթները սպառնալիք են հանդիսանում ոչ միայն Կիևի հասարակության, այլև ամբողջ Ուկրաինայի համար»,- ընդգծել է Յանուկովիչը:
Նա կոչ է արել «չգնալ նրանց հետևից, ովքեր բռնության են տանում, ովքեր ձգտում են երկպառակություն մտցնել պետության և հասարակության միջև, ցանկանում են ուկրաինացի ժողովրդին նետել զանգվածային անկարգությունների երախը»:
Նշենք, որ արդեն երկրորդ օրն է, ինչ շարունակվում է ցուցարարների և ոստիկանության միջև դիմակայությունը Կիևի կենտրոնում գտնվող Գրուշևսկու փողոցում:
Ուկրաինայի ՆԳ նախարարության տվյալներով՝ ներկայումս Գրուշևսկու փողոցում մոտ 500 մարդ է գտնվում: «Նրանք ոստիկանության ուղղությամբ նետում են այրվող հեղուկով լի շշեր, կրակում հրավառության համար նախատեսված սարքերից, պարսատիկներով կրակում»,- ասել են գերատեսչությունում:
Ցուցարարները հարձակումները գործում են հերթով: «Այն ժամանակ, երբ մի խումբը գտնվում է Գրուշևսկու փողոցում, մյուսը հանգստանում է վրաններում՝ Անկախության մայդանում և Արհմիությունների տանը, որտեղ նրանց քաղաքական առաջնորդները հանձնարարություններ են տալիս իրենց հետագա գործողությունների վերաբերյալ»,- ասել են իրավապահները:







































