Միխեիլ Սաակաշվիլիի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրո Բարնովը հերքել է տեղեկություններն այն մասին, որ վարչական համալիրի մի մասը մի քանի տարվա ընթացքում ապօրինաբար բնական գազ է օգտագործել: Այս մասին գրում է Новости-Грузия գործակալությունը:
«Ի՞նչ կարելի է պատասխանել այդ հիմարությանը: Կարող եք ինքներդ գնալ այդ վայրը և նայել, թե ինչի մասին է խոսքը, կամ էլ զանգահարեք բնական գազի մասնագետներին: Ուղղակի ինքներդ ձեզ հարցրեք` ինչի՞ համար է դա պետք վարչակազմին, մի՞թե որևէ մեկն այդ գումարներն իր գրպանից է վճարել»,- ասել է Բարնովը:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Իլյա Էլոշվիլին հայտարարել էր, որ Թբիլիսիում նախագահական նստավայրի մի մասը, ենթադրաբար, իր ստեղծումից` 2008-ից ի վեր ապօրինի կերպով բնական գազ է օգտագործել` առանց հաշվիչի տեղադրման:









































