Սիրիայի ընդդիմությունը կմասնակցի սիրիական ճգնաժամի հարցով «Ժնև-2» համաժողովին, եթե Իրանին ուղղված հրավերքը հետ կանչեն մինչև Երևանի ժամանակով ժամը 23.00-ը՝ հաղորդում է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է այն մասին, որ համաժողովին մասնակցելու հրավերք է ուղարկել Իրանին: Թեհրանը հաստատել է, որ ստացել է հրավերքը և հայտարարել, որ կհամաձայնի համաժողովին մասնակցել, սակայն առանց նախապայմանների:
Ավելի վաղ Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ներկայացուցիչ Բադր Ջամուսը հայտարարել է, որ Իրանին ուղղված հրավերքն անակնկալ է ընդդիմության համար, և վերջինս որոշել է չեղյալ հայտարարել «Ժնև-2»-ին մասնակցելու որոշումը:
Սաուդյան Արաբիան իր հերթին ևս դեմ է արտահայտվել Իրանի մասնակցությանը համաժողովին, քանի որ վերջինս համաձայն չէ, որպեսզի Սիրիայում ստեղծվի անցումային կառավարություն:











































