«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIL) խմբավորումն իր դեմ կռվող Սիրիայի չափավոր ընդդիմությանն առաջարկել է հաշտություն կնքել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով շարժման առաջնորդ Աբու Բաքր Ալ-Բաղդադիի աուդիոձայնագրությանը:
ISIL-ի առաջնորդը հայտարարել է, որ իր շարժումը «ձեռք է մեկնում» մյուս ապստամբներին, որպեսզի ուժերը միավորի ընդդիմության հետ: Ալ-Բաղդադիի խոսքերով՝ տարբեր խմբավորումների միջև ներքին պայքարը շահավետ է միայն Սիրիայի կառավարությանը:
Իսլամիստների և չափավոր ընդդիմության ապստամբների միջև մարտերը հունվարի սկզբից շարունակվում են Սիրիայի հյուսիսում՝ Իդլիբ, Հալեպ և Ռաքքա մարզերում:
Ավելի վաղ չափավոր ընդդիմության հետ համագործակցության պատրաստակամության մասին հաղորդել էին Սիրիայի իշխանությունները. կառավարությունն ընդդիմադիրներին կոչ է արել միավորվել ահաբեկիչների դեմ պայքարելու համար:









































