Ինքնաշեն վահաններով դիմակավորված մի քանի տասնյակ մարդիկ փորձել են ճեղքել հատուկ նշանակության ջոկատների շղթան Կիևի կենտրոնի Լոբանովսկու անվան մարզադաշտի մոտ, որտեղ հունվարի 19-ից շարունակվում են Ուկրաինայի եվրաինտեգրման կողմնակիցների և իրավապահների ընդհարումները: Այս մասին հայտնում է ՈՒՆԻԱՆ գործակալությունը:
Համաձայն գործակալության տեղեկատվության՝ ոստիկանությունը ակցիայի մասնակիցների դեմ ձայնային նռնակներ և պնևմատիկ զենք է կիրառել: Ցուցարարների մի մասը ներքին զորքերի զինվորների ուղղությամբ քարեր, ճայթուկներ և այրվող մահակներ են նետել:
Կիևի կենտրոնում՝ կառավարական թաղամասի մոտ, բախումները սկսվել էին կիրակի՝ թվով 8-րդ ժողովրդական վեչեից հետո: Ցուցարարների մի մասը փորձել է ճեղքել ներքին գործերի մարմինների աշխատակիցներից կազմված շղթան, որն արգելափակել էր նախարարների կաբինետի շենքի մուտքը:
Իրավապահ մարմինների աշխատակիցները Կիևի կենտրոնում բերման են ենթարկել «Ազատություն» ռադիոկայանի նկարահանող խմբին: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը: Ձերբակալման մասին
sms հաղորդագրություն է ստացել այսօր առավոտյան Գրուշևսկու փողոցում իրադարձությունները նկարահանող լրագրողներից մեկի կինը: Ցուցարարների և իրավապահների միջև բախումներում դադարի ժամանակ նկարահանող խումբը մոտեցել է ոստիկանական շղթային, որից հետո հեռարձակումն ընդհատվել է:
«Ազատություն» ռադիոկայանը փորձում է պարզել լրագրողների գտնվելու վայրն ու ձերբակալման պատճառները:








































