Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի շարք հեռուստաալիքներին և Around The Rings գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հրաժարվել է մեկնաբանել 2018-ի նախագահական ընտրություններում իր հնարավոր մասնակցության հարցը: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
«Ամենալավ և ամենավատ բանը, որը կարող է լինել քաղաքականությամբ զբաղվող մարդու հետ, ձեռքերով և ատամներով իր աթոռից կառչելը և միայն այդ մասին մտածելն է, որովհետև միշտ կվախենաս որևէ սխալ քայլ կատարելուց: Այդ մասին պետք չէ մտածել, պետք է մտածել աշխատանքիդ արդյունքների մասին: Այդ դեպքում պարզ կլինի»,- ասել է նա:
Նրա խոսքով` վարկանիշային աղյուսակին «ուղղակի պետք չէ ուշադրություն դարձնել»: Պուտինը կարծում է, որ ցանկացած գործունեության մեջ մարդը միշտ պետք է իրեն պրոֆեսիոնալ զգա`բարձրացնելով իր պրոֆեսիոնալիզմի մակարդակն ու աշխատանքի որակը:
«Ինչ վերաբերում է պատվախնդրությանը, այդ մասին դեռևս շուտ է խոսել: Հասկանում եք`այժմ 2014 թվականն է, իսկ ընտրությունները 2018-ին են: Պետք է աշխատել, այն ժամանակ պարզ կլինի, կտեսնենք»,- հավելել է նա:









































