Կարծում ենք՝ մինչև վերջ գիտակցված չէ, թե երեկ ինչպիսի ծանր հարված է հասցվել հեղափոխությանը, կամ գիտակցված է, սակայն առայժմ լուծումներ չկան։ Ու թերևս պատահական չէ, որ երեկվա խիստ բեկումնային իրադարձությունից հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղերձով չդիմեց քաղաքացիներին։ Ստանդարտ ասելիքն այլևս ակտուալ չէ, նոր գաղափարներ, վարչապետն, ըստ ամենայնի, առայժմ չունի։ Սպասենք զարգացումներին, իսկ մինչ այստեղ մենք քննարկում ենք տեղի ունեցածի հնարավոր հետևանքները։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի, սոցիոլոգ Արամ Նավասարդյանի ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանի հետ:
Քննարկման մասնակիցների գնահատմամբ՝ նոր ԸՕ նախագծի քվերակությունը ավելի կարևոր էր, քան հոկտեմբերի 2-ի քվեարկությունը, սակայն ԸՕ տապալումից հետո ՔՊ-ից սպասելի արձագանք չեղավ:
«Կարդում էի քաղաքական տարբեր ուժերի արձագանքներն այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիրը» պետք է ավելի ակտիվ լիներ, ավելի շատ արձագանքեր և միգուցե մոբիլիզացներ քաղաքացիներին: Հարց է առաջանում՝ իսկ ո՞ւր էին ձեր ընտրողները…»,- նշեց Արամ Նավասարդյանը: Նա նաև հավելեց, որ երկու խնդիր կա. «Բավարար ժամանակ չկար, որպեսզի հնարավոր լիներ ծանոթանալ կուսակցությունների ծրագրերին և հստակ մոտեցումներին և երկրորդ՝ մենք ընտրությունների ենք գնալու հին ԸՕ-ով, որն ունի խութեր և խնդիրներ է ստեղծելու»:
Ա.Խաչատրյանի խոսքով՝ ԱԺ արտահերթ ընտրությունները հետհեղափոխական շրջանում պետք է անցկացվեին նոր Ընտրական օրենսգրքով. «Նորմալ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ էր նոր, նորմալ Ընտրական օրենսգիրք ունենալ»:
Ա. Բադալյանի դիտարկմամբ՝ նախորդ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի մեծամասնությունն ապահովվեց ոչ թե ընտրական մեխանիզմների և ռեյտինգային ընտրակարգի շնորհիվ, այլ ընտրակաշառքի:
Մանրամասն՝ տեսանյութում:









































