Հայաստանում վերստին առաջ է գալիս սոցիալական բողոքի ալիքը, որի դեպքում հաճախ սկսում ենք հիշատակել սոցիալական բողոքի մասին: Սակայն այսօր չենք ցանկանում խոսել «Կլինի, թե չի լինի սոցիալական բունտ» թեմայով: Սա, ըստ էության, հավերժական մի հարց է Հայաստանի պարագայում, որը իր հստակ պատասխանը երևի թե երբեք էլ չի ստանա: Խնդիրն այստեղ այլ կողմում է: Սոցիալական իրավիճակը ցանկացած հասարակության գործողությունների մոտիվացիան է, կամ առնվազն՝ մոտիվացիոն կարևորագույն խթաններից մեկը: Հայաստանի պարագայում այդ իրավիճակը տարիներ շարունակ այնպիսին է, որ հասարակությունը պետք է փողոցներից տուն չգնար՝ մինչև չստանար իր հարցերի գոնե կեսի լուծումը: Սակայն, մենք տեսնում ենք, որ Հայաստանի հասարակությունը տանն է կամ փողոց է դուրս գալիս հիմնականում արտագաղթելու համար,: Սրա պատճառը, իհարկե, առաջնորդող ուժի բացակայությունն է: Այնպիսի ուժի, որը սոցիալական բողոքը չի վերածի քաղաքական գործարքների մանրադրամի:
Այս տեսանկյունից, 2014 թվականի ձմռանը սոցիալական բողոքի պոտենցիալն արդեն շատերն են արձանագրել: Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն օրինակ հայտարարել է, որ 2014-ի ցուրտ հունվարը կարող է թեժ շարունակություն ունենալ՝ քաղաքացիական անհնազանդության, բողոքի ալիքի տեսքով: Հավանականությունն, իհարկե, մեծ է՝ նկատի ունենալով սոցիալական խնդիրների կուտակվածությունը: Սակայն, մենք ունեցել ենք 2011 թվականի ձմռան օրինակը: Այդ տարի, լարումը ևս մեծ էր, մի շարք սոցիալական խմբերի վերաբերյալ կայացվել էին անցանկալի որոշումներ, նույնիսկ Տիգրան Կարապետիչն էր անշլագով հանրահավաքներ անում: ՀԱԿ-ի առաջնորդներն էլ զարմանում էին իրենց հանրահավաքների բազմամարդության վրա: Սակայն, այդ ամենը հաշված ամիսների ընթացքում ենթարկվեց իմաստասիրական այնպիսի լղոզման և փոշիացման, որ իշխանություններն էլ երևի թե զարմացած մնացին: Մի քանի ամիս հետո արդեն հրապարակում մարդ չկար, իսկ այսպես ասած՝ «առաջնորդող ուժերն» էլ արդեն խորհրդարանական մանդատներն էին հաշվում: Եվ սա՝ ընդամենը երեք տարի առաջ:
Փոխվե՞լ է ինչ-որ բան այս երեք տարիների ընթացքում: Իհարկե՝ փոխվել է, սակայն ոչ առաջնորդող քաղաքական ուժերի մասով: Ավելացել է միայն ԲՀԿ-ի հաշվեկշիռն այդ ուժերի շարքում, ինչը ոչ այնքան իրավիճակի փոփոխություն է, ինչքան լղոզման, սոցիալական բողոքը քաղաքական առևտրի վճարամիջոցի վերածելու պոտենցիալի համալրում և հավանականության մեծացում: Սոցիալական բողոքի առաջնորդող ուժի խնդիրը Հայաստանում շարունակում է հրատապ մնալ, և այդ խնդրի լուծումը այսօր քաղաքական դաշտում չէ: Համենայն դեպս, այդ դաշտից առ այսօր չեն գալիս այնպիսի ազդակներ, որոնք հիմք կտան ասելու, որ այնտեղ կատարվել է իրավիճակի վերլուծություն և արվել են նախկին բացթողումների և սխալների վերաբերյալ հետևություններ: Սոցիալական բողոքի հանրային ռեսուրսը պետք է կարողանա գտնել ինքնակազմակերպման մեխանիզմներ, որոնց շնորհիվ այդ բողոքը հանրությանն ուժ կտա՝ իրավիճակի տեր դառնալու, ոչ թե ճամպրուկները հավաքելու համար:
Լուսանկարը՝ Hetq.am-ի










































