Բաղդադում պայթեցրել են 7 ավտոմեքենա: Նախնական տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով վիրավորվել և զոհվել է ավելի քան 60 մարդ: Ականատեսների վկայությամբ՝ զոհերի թիվն ավելի մեծ է:
Անվտանգության ուժերն ու բժիշկները չեն հասցնում օգնություն ցուցաբերել տուժածներին՝ հայտնում է ITAR-TASS-ը: Ահաբեկիչները գրոհել են Բաղդադի արևմտյան Տավբիջի շրջանի բանտը, որից հետո ներխուժել են շենք: Ազատելով 27 բանտարկյալների՝ ծայրահեղականները շարժվել են հարևան շրջաններ, որտեղ բախվել են անվտանգության ուժերի ստորաբաժանումներին: Հրաձգության հետևանքով վիրավորվել են բանտի անվտանգության աշխատակիցները:
Ահաբեկիչների երկրորդ խումբը հարձակում է գործել Մանսուր շրջանի առևտրի կենտրոնի վրա: Գրոհայինները կրակ են բացել շենքի և հարևանությամբ գտնվող խանութի ուղղությամբ: Ահաբեկիչների հիմնական նպատակը խանութի անվտանգության աշխատակիցներն ու այդտեղ գտնվող ոստիկանության աշխատակիցներն էին:
Վերջին տվյալներով՝ կրակ է բացվել նաև մայրաքաղաքի կենտրոնում՝ Մուսանա օդանավակայանում, որի շրջակայքում ներկա պահին շարունակվում է կատաղի ընդհարումը:
Իրաքյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Բաղդադի կենտրոնում և արևմուտքում ընդհարումները շարունակվում են: Ռազմական և ոստիկանական ստորաբաժանումները փակել են ճանապարհները, կատարվում է տրանսպորտային միջոցների մանրակրկիտ խուզարկություն: Քաղաքում չեն դադարում շտապօգնության մեքենաների ձայները:









































