Ազատության հրապարակում այսօր կայացավ «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած հավաք-երթը, որին միացել են նաև խորհրդարանական 4 ոչ կոալիցիոն ուժերի (ՀԱԿ, ԲՀԿ, Ժառանգություն, ՀՅԴ) ներկայացուցիչներ:
Կենսաթոշակային նոր համակարգը բխում է միայն իշխանության կլանի շահերից, որին օդի ու ջրի պես անհրաժեշտ են լրացուցիչ գումարներ: Այս մասին Ազատության հրապարակում «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած հանրահավաքում հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ պատահական չէ, որ ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը խոստովանեց, թե կապ չունի 20-40 տարի հետո կստանաք ձեզ համար անհրաժեշտ գումարները, թե՝ ոչ, հիմա փող է պետք տնտեսության համար: «Սա ամենաբարձր մակարդակով խոստովանություն է, որ սա պետական ռեկետ է»,-հայտարարեց Զոհրաբյանը:
«Այստեղ հավաքվել են այն քաղաքական ուժերը, որոնք կարծում են, որ այսպես շարունակել հնարավոր չէ: Սա պայքարի առաջին քայլն է և կարող ենք հաղթել միայն միասին: Որևէ քաղաքական ուժ միայնակ որեւէ խնդիր չի լուծելու, մենք պետք է միասնական լինենք և հաղթելու ենք միասնական՝ հասարակության հետ միասին:
Մենք միասնական դիտարկելու ենք նաև գազային միասնական համաձայնագիրը, որը Հայաստանը դրել է վասալային վիճակում»,- իր խոսքն ամփոփել է Նաիրա Զոհրաբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում










































