Հոկտեմբերի 26-ին ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը:
Մասնակցել են ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Լոռու մարզային վարչության ու ենթակա բաժինների և նույն մարզի քննչական վարչության ղեկավար կազմը:

Օրակարգում Լոռու մարզում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքն է եղել:
Ոստիկանության պետը նշել է, որ անթույլատրելի է համարում ցանկացած ծանր հանցագործությունը, իսկ, եթե լինում են նման դեպքեր, ուրեմն թերանում է նաև ոստիկանությունը:

Վալերի Օսիպյանը կարևորել է ինչպես հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների արդյունավետության բարձրացումը, այնպես էլ դրանց կանխարգելման ուղղությամբ ակտիվ աշխատանքը:
Ոստիկանության պետին զեկուցվել է մի քանի առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման ուղղությամբ իրականացված աշխատանքը, խոսվել է իրավապահ այլ գերատեսչությունների հետ համագործակցության մասին:

Քննարկվել է նաև Լոռու մարզի օպերատիվ իրավիճակն ու այլ հարցեր:
Խորհրդակցության ավարտին տրվել են համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:











































