Հոկտեմբերի 26-ին նշանակված Վանաձորի ավագանու նիստի օրակարգում՝ ի թիվս այլ խնդրահարույց հարցերի, տեղ է գտել նաև Վանաձորի Քիմիագործների այգին Շառլ Ազնավուրի անվան այգի վերանվանելու մասին հարցը։
Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանի խոսքերով, սակայն, առաջին հայացքից է այս հարցը, նախաձեռնությունը ոգևորիչ։ Իսկ իրականում, ավագանու սպասվող նիստի նույն օրակարգում տեղ են գտել «նման բարձր ու վեհ արժեքների հետ աղերս չունեցող, մասնավոր շահի համար ամեն ինչի վրա աչք փակող, քաղաքի զարգացման անունի տակ քաղաքի տեսքն ու դիմագիծն այլանդակող երևույթներ»։ Մասնավորապես, օրակարգում տեղ է գտել Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը՝ Տիգրան Մեծի պողոտայի թիվ 2/3 հողամաս 0.27035 հա, մրցույթով կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին հարցը։ Ըստ որոշման նախագծի՝ հողամասը տրամադրվում է հանգստի գոտի կազմակերպելու համար՝ 10 տարի ժամկետով՝ վարձավճարի մեկնարկային գինը սահմանելով ամսական 21 հազար 628 դրամ: «Ավելի պարզ ասած՝ Շառլ Ազնավուրի հիշատակը հարգելով, ներկայիս Քիմիագործների այգին անվանակոչում ենք մեծանուն երգչի անունով և այդ նույն այգուց 2700 քառակուսի մետր տարածք օտարում կառուցապատման իրավունքով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Քրիստ Մարուքյանը ՝հավելելով. «Իսկ եթե հիշենք, որ աճուրդի դրված տարածքը գտնվում է այդ նույն այգում տարիներ շարունակ կասկածելի հիմքերով գործող ռեստորանի հարևանությամբ, որը պատկանում է գործող ՀՎԿ-ական փոխքաղաքապետ Արկադի Փելեշյանին, ապա կարելի է ենթադրել, որ վերջինս պարզապես ցանկանում է ընդլայնել իր օբյեկտը՝ վերացնելով քաղաքի հերթական այգին»։
Քրիստ Մարուքյանի խոսքերով՝ այս հարցը միանշանակ պետք է հանվի ավագանու նիստի օրակարգից, և, առհասարակ, այգիներն ու պուրակները մաքրել նման երևույթներից։
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ավագանու նիստում ընդգրկված հարցերի հետ կապված ոչ մի մտահոգություն չի կարող լինել։ Իրենք համապատասխան տարածքը վարձակալության են տալիս, քանի որ այդ հատվածը անխնամ է, և վարձակալը այն կարող է կանաչապատել։ «Ինչի մասին է խոսքը։ Ես պաշտոնապես ասում եմ, որ այդ հատվածում որևէ կառուցապատում չի լինելու։ Դա 60 հոդվածով է կարգավորվում ու այդտեղ ոչինչ չի կարող կառուցվել»,- ասաց Ասլանյանը։
Մեր դիտարկմանը՝ կարո՞ղ է հավաստիացնել, որ փոխքաղաքապետ Արկադի Փելեշյանը այդ տարածքում իր օբյեկտի տարածքը չի ընդլայնի, քաղաքապետն ասաց. «Այո։ Ես հավաստիացնում եմ, որ այդտեղ ոչինչ չի լինելու»։
Մեր ճշտող հարցին, թե ըստ նախագծի, հողամասը տրամադրվում է հանգստի գոտի կազմակերպելու համար՝ 10 տարի ժամկետով, ինչու պետք է վարձակալը տարածքը վարձակալի, գումար վճարի միայն դա կանաչապատելու համար, եթե որևէ շահ չունի, քաղաքապետն ասաց, որ ինքը մի քանի հոգեհանգստի արարողության է մասնակցում և իրեն հարմար չէ հարցերին պատասխանել։
Ի դեպ, Քրիստ Մարուքյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում բարձրաձայնել է Վանաձորի հետ կապված մեկ այլ խնդրի մասին, երբ ամիսներ առաջ ահազանգել էր, որ Բաղրամյան փողոցի վրա ապօրինաբար քանդվել է ճանապարհի երկայնքով ձգվող, ճարտարապետական հուշարձան հանդիսացող, զարդանախշերով պատնեշը։ Ի պատասխան իրենց կողմից բարձրացված հարցերի, քաղաքապետ Ասլանյանը պատասխանել էր, որ դատի է տվել այդ քանդողին, դատարանով պարտադրել տուգանք մուծել մոտ 2 մլն ՀՀ դրամի չափով ու պարտավորեցրել վերականգնել քաղաքին հասցված վնասը՝ ասել է թե վերակառուցել պատը։ «Անցան ամիսներ, պատը, իհարկե, չվերականգնվեց, քանի որ դժվար թե «անիրավը» պատը քանդած լիներ առանց նախնական համաձայնության, իսկ տուգանքի մուծման մասին լուր չկա։ Երեկ ուշ երեկոյան տեղեկացանք, որ քանդվել է նաև պատի մնացած հատվածը, որի արդյունքում սեփականատերը «ստեղծել» է ճանապարհին կից բարձրարժեք հասարակական նշանակության տարածք, այսպես ասած՝ «քառակուսի մետր»,- ընդգծել էր Մարուքյանը։
Ուշագրավ է, թե այս ամեն ինչից հետո ինչպես էր Լոռու մարզի նորանշանակ մարզպետը նկատել, որ Մամիկոն Ասլանյանը սկսել է հեղափոխությունից հետո լավ աշխատել։











































