Ամերիկյան Բարթաու քաղաքի դպրոցականները որոշել են երկու տասնյակ աշակերտների սպանել, իսկ հետո խմել նրանց արյունը, սակայն բռնվել են։ Այս մասին հաղորդել են ոստիկանությունում,– հաղորդել է The Independent-ը։
11 և 12 տարեկան երկու աղջիկները որոշել են հանցանքի դիմել, որպեսզի ավելի մոտ լինեն Սատանային։ Նրանք պատրաստվում էին զուգարաններում հարձակվել փոքր և թույլ աշակերտների վրա, սպանել նրանց, ուտել նրանց միսն ու խմել արյունը։ Իրավապահ մարմիններում հաղորդել են, որ աշակերտուհիները մտադիր են եղել 15-25 դպրոցականների սպանել։ «Բոլոր այդ սպանություններն այն հույսով էին արվելու, որ արդյունքում իրենք սարսափելի մեղսագործներ կդառնան, և դա կերաշխավորի, որ ինքնասպանություն գործելուց հետո իրենք դժոխք կգնան և Սատանայի հետ կլինեն»,– պարզաբանել են ոստիկանությունում։
Նշվում է, որ այդ ամենը նրանք այն բանից հետո են ծրագրել, երբ հանգստյան օրերին սարսափ ֆիլմեր են դիտել։
Աղջիկների ծրագիրն այն ժամանակ է բացահայտվել, երբ նրանք բացակայել են դասերից։ Կասկածելի վարքի վրա ուշադրություն է դարձրել դպրոցի ղեկավարությունը։ Նրանց սկսել են փնտրել և արդյունքում հայտնաբերել են դպրոցում՝ չորս դանակներով, պիցայի կտրիչով և դանակների համար սրիչով։
Դեռահասներին ձերբակալել են, իսկ հետո անչափահասների կենտրոն են տեղափոխել։ Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։ Նշվում է, որ դատախազները պետք է որոշեն, թե արդյոք նրանց որպես անչափահասների են մեղադրանք առաջադրելու, թե որպես մեծերի։









































