Ավելի քան երեք շաբաթ է, ինչ միջազգային մամուլի քննարկման թոփ 1 թեման սաուդցի հայտնի լրագրող, այլախոհ, Սաուդյան Արաբիայի միապետական ռեժիմի խիստ քննադատ Ջամալ Խաշոգջիի անհետացման առեղծվածն էր: Լրագրողն անհետ կորել էր հոկտեմբերի 2-ին Ստամբուլում սաուդյան հյուպատոսություն մուտք գործելուց հետո: Հրապարակվեցին լուրեր այն մասին, որ սաուդցի լրագրողին սպանել են: Միջադեպից հետո էական լարվածություն է նկատվում թուրք-սաուդյան հարաբերություններում, բացի դրանից՝ Էր-Ռիադն արժանացավ խիստ քննադատության Սպիտակ տան և եվրոպական երկրների ղեկավարների կողմից: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ:
«Իրականում բավական հետաքրքիր զարգացումներ են գնում: Մի բան պետք է ի սկզբանե ֆիքսել. այս միջադեպի, այս դաժան սպանության հետ կապված շատ մեծ էր տեղեկատվական քարոզչական հոսքը, բաղադրիչը, ինչն էլ թույլ չի տալիս կամ, կարծես թե, մշտապես իրարամերժ տեղեկատվության շրջանառման միջոցով հնարավորություն չի ընձեռում առավել հստակ պատկեր ստանալ կատարվածի վերաբերյալ»,- ասաց Պետրոսյանը:
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ մի բան ակնհայտ է, որ այս գործողությունը Սաուդյան Արաբիայի հատուկ ծառայությունների կողմից նախապես կազմակերպված է եղել, համենայնդեպս, այս մասին իր հայտարարություններում փաստել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Ամբողջ խնդիրը, թերևս, այն է, թե ո՞ւմ հրահանգով, ո՞ւմ անմիջական ցուցումով է տեղի ունեցել այս օպերացիան, հենց սա է խնդիրը, որը, կարծես թե, նման մեծ աղմուկի պատճառ դարձավ»,- հավելեց նա:
Անդրադառնալով միջազգային դերակատարների և Սաուդյան Արաբիայի հարաբերություններում առաջացած խնդիրներին՝ Պետրոսյանն ասաց, որ տարածաշրջանում և առհասարակ աշխարհաքաղաքական իրողությունների այսօրվա համապատկերում Միացյալ Նահանգներ-Սաուդյան Արաբիա հարաբերությունների սրում ձեռնտու չէ կողմերից որևէ մեկին․ «Մենք գիտենք, որ տարածաշրջանում բավական լուրջ զարգացումներ են սպասվում՝ հատկապես Իրանի դեմ նոյեմբերի սկզբին նախանշված պատժամիջոցների երկրորդ փուլի ուժի մեջ մտնելու հետ կապված: Առհասարակ իմ վերլուծություններում նշում եմ, որ Միացյալ Նահանգների գլխավորությամբ կամ դիրիժորությամբ, ինչպես նաև տարածաշրջանային մի քանի երկրներ՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, Իսրայելը պատրաստվում են բավականին լուրջ դավադրության Իրանի դեմ… Թերևս հենց այս համատեքստում կարելի է դատել Միացյալ Նահանգների նախագահի իրար հակասող հայտարարությունները՝ կապված Սաուդյան Արաբիայի հետ, որով, նախ և առաջ, փորձ էր արվում փրկել երկու երկրների բարձրագույն իշխանությունների միջև հարաբերությունները»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։








































