Գրիպի և սուր շնչառական վարակների կանխարգելմանն ուղղված միջոցառումները վերանայելու նպատակով ամեն տարի Երևանում անցկացվում է Գրիպի տարեկան աշխատաժողով` ԱՀԿ ներկայացուցիչների և տասնյակ մասնագետների մասնակցությամբ:
Այս տարի աշխատաժողովը տեղի ունեցավ հոկտեմբերի 25-ին:
«Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում սոցիալ-տնտեսական իրավիճակի արդյունքում բնակչության տեղաշարժը ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս նպաստավոր պայմաններ է ստեղծում տարբեր վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման համար: Գրիպի և շնչառական հիվանդությունների դեմ ընկալ են բոլոր տարիքի մարդիկ: Հաշվի առնելով գրիպի նոր ենթատեսակների գերակայությունը` կարևոր է ընդհանուր հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների իրականացումը»,-իր ելույթում նշեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:
Նրա խոսքով` այս աշխատաժողովը կոչված է ևս մեկ անգամ ապացուցելու, թե ինչքան կարևոր է հանրային առողջապահության ոլորտում միջոցառումների համալիր և արդյունավետ իրականացումը և հանրության առողջության պահպանումը:
ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ՊԻՊ ծրագրի համակարգող Միքալա Հեգերման-Լինդենկրոնն ասաց, որ Հայաստանն էապես մեծացրել է գրիպի հայտնաբերման կարողությունները: «Հայաստանի վիրուսաբանական լաբորատորիան ԱՀԿ-ի կողմից ճանաչվել է որպես գրիպի ազգային կենտրոն, ինչը նշանակում է, որ Հայաստանն արդեն մասնակցում է վիրուսների հայտնաբերման և դրանց վերաբերյալ ինֆորմացիայի տրամադրման աշխատանքներին: Դա շատ կարևոր է ռիսկերի գնահատման, կանխարգելման միջոցառումների և պատվաստանյութերի մշակման տեսանկյունից»,-շեշտեց նա:
ՀՀ առողջապահության նախաձեռնությամբ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ իրականացվող գրիպի տարեկան աշխատաժողովի ընթացքում քննարկվում է անցած սեզոնը, վերհանվում են բոլոր խնդիրները` դրանց տալով համակարգային լուծումներ: Աշխատաժողովը նաև նպատակ ունի բարձրացնելու անասնաբուժական ոլորտի մասնագետների զգոնությունը, քանի որ բոլոր նոր վարակները, որոնք սպառնում են մարդկությանը, ութսուն տոկոսով կենդանական ծագում ունեն, մասնավորապես` թռչնագրիպ, խոզի գրիպ և այլ վարակներ:
Հայաստանում շարունակվում է կատարելագործվել հզոր կարողություններով օժտված վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գործուն համակարգը, որը ապահովում է հանրային առողջության պահպանումն ու ամրապնդումը: Գրիպի և սուր շնչառական վարակների դեմ պայքարին ուղղված հայաստանյան մոդելն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ընդունվել է օրինակելի և մի շարք երկրներին առաջարկվել է գրիպի և սուր շնչառական վարակների դեմ պայքարի միջոցառումներն իրականացնել հայաստանյան մոդելին համահունչ:








































