Եվ այսպես, Ազգային ժողովն առաջին փուլում Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում, ինչպես և նախատեսում էր նրա թեկնածությունն առաջադրած «Ելք» խմբակցությունը: Նիկոլ Փաշինյանը չստացավ ընտրվելու համար բավարար ձայներ: Նրա թեկնածությանը կողմ չքվեարկեց ոչ մի պատգամավոր, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 11: Խորհրդարանում որևէ անկանխատեսելի բան տեղի չունեցավ ու չէր կարող տեղի ունենալ՝ չնայած դավադրային տեսության որոշ սիրահարներ պնդումների։ Քանի որ ընթացակարգային առումով խորհրդարանում այսօր որևէ ինտրիգային բան տեղի չի ունեցել, ապա հիմնական իրադարձությունը, բնականաբար, մնում է Նիկոլ Փաշինյանի ելույթը, որի առանցքային դրվագներից մեկը ՀՀԿ-ին ուղղված քաղաքական ուղերձն էր, որով վարչապետը կարծես փորձում է դուրս գալ վերջնագրային մարտավարությունից ու ապահովել խորհրդարանական կոնսենսուս՝ ԸՕ բարեփոխումների երկրորդ փուլի քննարկումներից առաջ։
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղաքագետներ Էդգար Առաքելյանը, Ստեփան Գրիգորյանը և Գոռ Հակոբյանը:
«Հին օրենքով անթույլատրելի է ընտրություններ անցկացնել: Հին Ընտրական օրենսգիրքը վտանգավոր է մեր ապագայի համար, քանի որ ռեյտինգային ընտրակարգը եթե մնա, նորից թաղային հեղինակություննների ակտիվություն կդիտվի»- ընդգծեց Ստեփան Գրիգորյանը՝ հավելելով, որ նոր ԸՕ-ն բխում է քաղաքական ուժերի շահերից, որոնք գաղափարախոսություն ունեն:
Գ. Հակոբյանը, անդրադառնալով ԱԺ վարքագծին, նշեց, որ ՀՀԿ-ն վերջին առևտուրն է անում քաղաքական դաշտում մնալու համար. «Կարծում եմ՝ նրանք ամեն անգամ ինչ-որ բան կորզելու նպատակով դեմշարշներ են անցկացնում»:
Է. Առաքելյանի դիտարկմամբ՝ նախկին իշխանության ռևանշի լիմիտը վաղուց սպառված է: Նրա կարծիքով՝ որ օրենսգրքով էլ ընտրություններն անցկացվեն, ապագա խորհրդարանում շատ քիչ թվով գործարարներ են լինելու:
Նրա խոսքով՝ «Հին համակարգը հրեշ է, որն ամեն անգամ մի նոր գլխով է հանդես գալիս»:
Անդրադառնալով ԱԺ-ում Ն. Փաշինյանի ելույթին՝ Ս. Գրիգորյանն ընդգծեց, որ վարչապետը նոր ներարկում արեց՝ բացահայտումների տեսքով: Նրա խոսքով՝ վարչապետն ունի քաղաքական լավ հոտառություն: Քաղաքագետի դիտարկմամբ՝ պատգամավորներին ուղղված վարչապետի ուղերձները հստակ էին. առանց դիմադրելու դրե՛ք մանդատները և գնացե՛ք տուն:
Մանրամասն՝ տեսանյութում:










































