Քաղաքագետ Լևոն Շիրինյանը նշում է՝ պետք է հույս կապել մեր ժողովրդի առողջ բանականության հետ։ «Մեր ժողովրդի հիշողությունն այս անգամ հեղափոխության փրկության բանալին է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Շիրինյանն ու իր հիմնադրած Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը պատրաստվում են մասնակցել առաջիկայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Մեզ հետ զրույցում Շիրինյանն ասաց, որ ցուցակն ինքն է գլխավորելու. «Ես ընդհանրապես չեմ ուզեցել, բայց միջավայրի պարտադրանքով ստանձնեցի այդ պարտականությունը։Վճռական ենք, որ խորհրդարանում ձևավորենք աջ կենտրոնամետ կուսակցության հստակ քաղաքական ըմբռնումներով ազգային պահպանողական ուղղության տեղը։ Սա դասական պառլամենտարիզմի լավագույն տարբերակն է։ Պայքարի համար վճռական ենք»։
Մեր զրուցակիցը նշեց, որ թեպետ «Սասնա ծռեր»-ի հետ ունեն նմանություններ, չկա նույնականություն. «Գերադասում եմ, որ առանձին մասնակցենք ընտրություններին։ Կարծում եմ՝ դաշինքով չենք մասնակցի»։
Լևոն Շիրինյանը հավելում է՝ իրենք ունեն արտաքին քաղաքական հետևյալ ուղղվածությունը։ «Ապրել հայամետ կյանքով, լինել հայաստանակենտրոն քաղաքականության մեջ։ Դրանք ինձ համար անփոփոխ սկզբունքներ են»,- եզրափակեց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։











































