Լոռու նախկին մարզպետ Վիգեն Խաչատրյանը չի կարծում, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին երկու հարցազրույցները քաղաքական դաշտում ակտիվություն են մտցրել: Նման կարծիք Խաչատրյանը հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ հավելելով, որ համենայն դեպս ինքը նման աշխուժություն չի տեսնում:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վարած քաղաքականությանը՝ Խաչատրյանն ասաց․ «Այն ժամանակ ես ինչ որ պետք է՝ ասել եմ, և հարմար չեմ գտնում այդ մասին ևս մեկ անգամ ասել: Երբ նա աշխատում էր, ես իմ խոսքն ասել եմ: Հիմա նա չի աշխատում, և պետք է ներկայից խոսել, անցյալն առանձնապես տպավորիչ չէ»:
Նրա խոսքով՝ ակնհայտ է Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հակասությունը, այլապես նման կարծիքներ չէին հնչի․ «Հավանաբար կան հակասություններ, բայց դա իրենց խնդիրն է: Ինձ թվում է՝ դա իրականության հետ առանձնապես մեծ աղերսներ չունի»:
Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ Ռոբերտ Քոչարյանի այս հայտարարությունները մեծ քաղաքականություն վերադառնալու հայտ են, մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ ոչինչ բացառված չէ․ «Եթե խոսքը վերաբերում է նրան, որ ինչ-որ հրաշքով Հայաստանում կարող են ընտրություններ լինել, ապա ո՛չ ինքը, ո՛չ էլ ներկայիս իշխանությունները, իհարկե, իշխանության ղեկին չեն մնա»:
Նախկին մարզպետն անդրադարձավ նաև Ռոբերտ Քոչարյանի՝ «Հայռուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնեմասը վաճառելու և հենց Քոչարյանի օրոք իրականացված «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքին: Մեր հարցին, թե որ գործարքն էր ավելի սարսափելի և որ դեպքում Հայաստանն ավելի մեծ կորուստ ունեցավ, Խաչատրյանը պատասխանեց․ «Եթե խոսում ենք Հայաստանի կորուստների մասին, ապա քիչ կամ շատ կորուստներ չեն լինում՝ կորուստը մնում է կորուստ: Երկու դեպքում էլ Հայաստանը կորցրել է, ես առանձնապես տարբերություն չեմ տեսնում: Նույն թիմն է, նույն մարդիկ են, ուղղակի իրենց կյանքը հետաքրքրացնելու համար ինչ-որ քայլեր են անում, հասարակության կենցաղի բարելավման հետ դա որևէ կապ չունի»:
Հարցին, թե փաստորեն ինքը Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին նո՞ւյն թիմի մարդ է համարում, նախկին մարզպետը պատասխանեց․ «Դուք ա՞յլ կարծիքի էիք: Եթե Հայաստանում մեկ մարդ կգտնեք, որը կասի՝ ոչ, ես խիստ կզարմանամ, իհարկե նույն թիմից են»:









































