Եվրամիությունը հրապարակել է Ուկրաինայի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ամբողջական տեքստը: Փաստաթղթի տեքստը հրապարակվել է Եվրամիության արտաքին ծառայության կայքում:
Ավելի վաղ ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Twitter-ում գրել էր, որ կհրապարակվի Ուկրաինայի հետ համաձայնագրի ամբողջական տեքստը, որը կցրի գոյություն ունեցող առասպելները:
Փաստաթղթի նախագծում ասվում է, որ կողմերը կշարժվեն ազատ առևտրի գոտի հաստատելու ուղղությամբ: Ինչ վերաբերում է մաքսատուրքերին, ապա նշվում է, որ կողմերից յուրաքանչյուրը կնվազեցնի այլ երկրի ապրանքների մաքսատուրքը՝ համաձայն ժամանակացույցի, որը կցված է համաձայնագրի նախագծի հավելվածում:
«Կողմերից ոչ մեկը սահմանափակումներ կամ արգելքներ չի մտցնի մյուս երկրից ապրանքների ներմուծման, ինչպես նաև արտահանման կամ վաճառքի վրա՝ մեկ այլ երկրի տարածք արտահանելու նպատակով, եթե նման բան նախատեսված չէ համաձայնագրով»,- նշվում է նախագծում:









































