Քոչարյանն ումո՞վ պետք է վերադառնա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս հարցադրումն արեց ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի թեմային:
Նա նշեց, որ անհասկանալի է, թե ումով պետք է վերադառնա, այսինքն՝ ի՞նչ թիմով: Ըստ նրա՝ առկա է բանավեճ, և ոչ ավել, քան բանավեճ, ուստի այս պահի դրությամբ ավելի զարգացումներ, քան բանավեճ, տեսանելի չէ:
«Մենք տեսնում ենք փորձեր, որ իշխանությունն ուզում է հանրության ուշադրությունը հրավիրել այդ բանավեճի վրա, շեղել այն խնդիրներից, որոնք առկա են, սակայն ՀԱԿ-ը չի պատրաստվում շեղվել: Մեր օրակարգի հարցերն առաջնահերթ են լինելու»,- ասաց բանախոսը: Ապա նա փորձեց համեմատել, թե ինչպիսի արձագանքներ են առաջացնում, օրինակ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցներն ու հայտարարությունները (հարյուրավոր կուսակիցներ ու համախոհներ են արձագանքում հրապարակումներով, ելույթներով, հոդվածներով, ֆեյսբուքյան մեկնաբանություններով հանդես գալիս): «Դուք տեսե՞լ եք, որ մեկը պաշտպանի Քոչարյանին, կարո՞ղ եք մեկ քաղաքական գործչի անուն տալ: Դուք տեսնո՞ւմ եք մեկին, որ պաշտպանի: Դուք տեսաք, որ Տիգրան Սարգսյանին ինչ-որ քաղաքական գործիչներ ինչ-որ մեկնաբանություններով սատարեցին, իսկ Քոչարյանին՝ ումո՞վ»,- նկատեց նա՝ բացառելով, որ ՀՀ երկրորդ նախագահը կդառնա խորհրդարանական ընդդիմության և այընտրանքի առաջնորդն ապագայում, որի մասին այդքան խոսում են վերջին շրջանում:
Հարցին, թե արդյոք հանրությունը կհանդուրժի՞ Քոչարյանի վերադարձը, երբ չի մոռացել Մարտի 1-ը, Կարապետյանը պատասխանեց. «Մենք տվել ենք գնահատական, որևէ բան չի փոխվել պարոն Քոչարյանի նկատմամբ, և այս փորձերը՝ շեղելու ժողովրդի ուշադրությունը, մեզ չեն շեղելու, մենք շարունակելու ենք մեր քայլերը»:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի










































