Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր հանդիպեց Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Նախարարը, ողջունելով ներկաներին, իր ելույթում ընդգծեց, որ համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը կարևոր դեր ունի ոչ միայն պատերազմական գործողությունների ժամանակ, այլև խաղաղ պայմաններում: «Սա այն ֆակուլտետն է, որտեղ սովորողները, բացի բժշկական երդումից, զինվորական երդում էլ են տալիս: Գրեթե անգնահատելի է մեր ռազմական բժիշկների դերը. մարտի դաշտում կրկնակի ազդեցության տակ են գտնվում՝ պատասխանատվություն կրելով յորաքանչյուր զինվորի համար՝ մարտական գործողությունների ազդեցության ներքո»,- ասաց նա:
Նախարարն ասաց նաև, որ վերջին տարիներին զինված ուժերում հաջողություններն ակնհայտ են, սակայն կան նաև, բացթողումներ, որոնց ուղղությամբ սառնասրտորեն պայքար պիտի մղել: Հարաբերական խաղաղ պայմանների պարագայում շատ կարևոր է սպառազինության հարցը լուծելը, գիտական նոր ձեռքբերումների հասնելը, ինչպես նաև բանակում դժբախտ պատահարների դեպքերը կրճատելը:
Ինչպես շեշտեց Սեյրան Օհանյանը, յուրաքանչյուր զինվորի կորուստ ցավ է ոչ միայն նրա ընտանիքի, այլև պետության համար:
Հանդիպման ավարտին նախարարը մի շարք դասախոսների պարգևատրեց շնորհակալագրերով և մեդալներով, իսկ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը նախարարին մեդալ հանձնեց բուհի անունից:
Մանրամասները դիտե՛ք տեսանյութում:










































