ԱՄՆ ծովային հետևակային կորպուսը ստուգում է տեղի ԶԼՄ-ների կողմից հրապարակված լուսանկարների իսկությունը: Դրանցում պատկերված են ծովահետևակայիններ, ովքեր այրում են իրաքցի գրոհայինների մարմինները: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Չորեքշաբթի օրը ամերիկյան TMZ կայքը լուսանկարների մի շարք է հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես են ամերիկացի ծովահետևակայիններն այրում իրաքցի գրոհայինների մարմինները: Ենթադրաբար, լուսանկարներն արվել են 2004-ին՝ Իրաքի Էլ-Ֆալուջա քաղաքում:
Ծովային հետևակի կորպուսի ներկայացուցիչ՝ փոխգնդապետ Նիլ Մերֆին հայտարարել է, որ կորպուսի մասնագետներն ուսումնասիրում են լուսանկարներում պատկերված հանգամանքները և փորձում պարզել այդ լուսանկարներում առկա զինվորների ինքնությունը: Ըստ այդմ, որոշում կկայացվի՝ գործ հարուցե՞լ ամերիկյան զինվորականների կողմից խախտումների վերաբերյալ, թե՞ ոչ:









































