Ամերիկյան հետախուզության տվյալներով, գնդապետ Մուամար Քադաֆին լուրջ մտադրություն ունի լքել Տրիպոլին և փախչել ավելի ապահով վայր: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով ԱՄՆ պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյային:
Ամերիկյան հետախուզական ծառայությունը կարծում է, որ լիբիացի առաջնորդն իրեն այլևս ապահով չի զգում՝ հաշվի առնելով, ինչպես Տրիպոլիում ՆԱՏՕ-ի ռմբակոծությունները, այնպես էլ ապստամբների հետ մարտերը: Իր եզրակացություններով հետախուզությունը կիսվել է Սպիտակ տան և այլ կառույցների հետ:
Միևնույն ժամանակ, Քադաֆիի «փախչելու» ժամանակը հստակ չէ, և պարտադիր չէ, որպեսզի այն տեղի ունենա, ասել է հետախուզության ներկայացուցիչը: Այնուամենայնիվ, ամերիկացի պաշտոնյաները կարծում են, որ Տրիպոլիի վրա ռազմական ճնշումը վերջին օրերին ստիպել է Քադաֆիին նոր ու ապահով տեղ որոնելու համար աշխատանքներ վարել:
Քադաֆին մի քանի նստավայր ունի և ուրիշ օբյեկտներ Տրիպոլիից դուրս, որտեղ նա կարող է տեղափոխվել, ասել է ԱՄՆ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան:
Հատկանշական է, որ այս ինֆորմացիան հայտնվել է Սենատում քվեարկությունից առաջ, որի ընթացքում պետք է քննարկվի Լիբիայում ռազմական գործողությունների ֆինանսավորման դադարեցման հարցը:





































