ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Միհրան Պողոսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ՝ ծանոթանալու ԴԱՀԿ ծառայության ստորաբաժանման խնդիրներին և տրված հանձնարարականների կատարման ընթացքին։ Այս այցով մեկնարկեց ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի մարզային այցելությունների շարքը. նախատեսվում են աշխատանքային հանդիպումներ ՀՀ բոլոր մարզերում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը տեղում ծանոթացավ ԴԱՀԿ ապահովող ծառայության մարզային բաժնի ծառայողների աշխատանքային պայմաններին։ Այնուհետև անցկացրեց խորհրդակցություն, որի ընթացքում մարզային բաժնի ծառայողների կողմից ներկայացվեցին մի շարք խնդիրներ և առաջարկություններ, որոնց լուծումը միտված է հարկադիր կատարողների գործունեության արդյունավետության բարձրացմանը։ Զեկուցվեց, որ համաձայն հանձնարարականի՝ Արմավիրի տարածքային բաժինը համալրվել է անհրաժեշտ համակարգչային տեխնիկայով: Քննարկվել է նաև Էջմիածին քաղաքի ԴԱՀԿ բաժանմունքի տարածքի հարցը: Ամփոփելով խորհրդակցությունը, Միհրան Պողոսյանը աշխատակիցներին կոչ արեց պատվով կատարել իրենց լիազորված պարտավորությունները, իսկ Արմավիրի մարզային բաժնի հարկադիր կատարող, արդարադատության ավագ լեյտենանտ Գեղամ Ղարիբյանին շնորհեց արդարադատության կապիտանի կոչում:
Նշենք, որ 2011 թվականի հունվարից մինչև հունիսի 23-ը ԴԱՀԿ ապահովող ծառայության Արմավիրի մարզային ստորաբաժանումում եղել է 4851 ընթացիկ կատարողական վարույթ, բոլոր պահանջատերերի օգտին բռնագանձվել է ավելի քան 348 մլն դրամ:









































