ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ իրենք էլ փաստարկներ ունեն, որ կարող են բարձրաձայնել, բայց իրենք դրա մասին չեն խսում: Այլ կերպ ասած՝ ՀՀԿ-ականը Ռոբերտ Քոչարյանին հայտարարում է՝ եթե մենք չենք խոսում, դու ընդհանրապես լռիր: Այսինքն՝ Հովհաննես Սահակյանն ակնարկում է, որ եթե խոսելով լինի, ապա իրենք էլ Քոչարյանին հիշեցնելու բաներ ունեն:
Կասկածել, իհարկե, պետք չէ՝ Քոչարյանին հիշեցնելու բաներ միայն ալարկոտը չի ունենա: Սակայն եթե բանը հասել է դրան, ապա պետք է ՀՀԿ-ին հիշեցնել, որ այն, ինչ տեղի էր ունենում Ռոբերտ Քոչարյանի նախագահական պաշտոնավարման տարիներին, ըստ էության՝ տեղի էր ունենում ՀՀԿ-ի օժանդակությամբ: Եվ այս իմաստով ով ում ինչ ուզում է՝ կարող է հիշեցնել, սակայն ՀՀԿ-ն որևէ մեկին, նույնիսկ Քոչարյանին հիշեցնելու բան չունի: Որովհետև բոլորն են հիշում, թե ով է ՀՀԿ-ն Հայաստանում 1998 թվականից ի վեր:
ՀՀԿ-ն Հայաստանում տեղի ունեցած պետական հանցագործությունների սոցիալական բազան է, և ոչ ոք այս մասին չի մոռացել ու չի մոռանա: 1998 թվականից ի վեր Հայաստանում տեղի ունեցող ցանկացած հակասահմանադրական քայլ կատարվել է Հանրապետական կուսակցության բազայի վրա: Այդ ամենի հետևանքով է, որ Հայաստանն այսօր կամային պետություն լինելու փոխարեն՝ հանձնված պետություն է, ինչի պատասխանատվությունը ամբողջությամբ ՀՀԿ-ի վրա է:
Ժամանակի ընթացքում պարզապես փոխվում են ՀՀԿ-ի հանցակիցները, սակայն սրա հետ հասարակությունը գործ չունի՝ դուք և ձեր հանցակիցները, ձեր հարաբերությունները միմյանց հետ պարզեք՝ որքան ուզում եք, որտեղ ուզում եք, ինչպես ուզում եք, միայն թե պետությունից ու հասարակությունից ինչքան հնարավոր է հեռու:
Երբ ժամանակը կգա, երբ Հայաստանում հաստատվի իրավունքի և օրինականության գերիշխանություն, պետությունն ու հասարակությունն իրենք ձեզ կմոտենան՝ Քրեական օրենսգրքով, և մեկ առ մեկ կքննվեն բոլոր այն հիշեցումները, որ պատրաստել եք միմյանց համար և պարբերաբար հրապարակում եք:
Հայաստանում տեղի է ունենում իսկապես աննորմալ, գրեթե հրեշածին մի երևույթ՝ մարդիկ, որոնք ապագայից խլել են պետությունն անցյալում ու խլում են ներկայում, այժմ փորձում են միմյանց հաշվին միավորներ հավաքել ապագայի համար: Ընդ որում՝ փորձում են, մեղմ ասած, առանց անհարմար զգալու:







































