Մյասնիկյան գյուղում եզդիների գերեզմանատան ոչնչացման հարցով ամիսներ առաջ բարձրացված աղմուկն այդպես էլ որևէ լուծման չի հանգել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը շեյխ Բրո Հասանյանն իր դժգոհությունը հայտնեց Մյասնիկյան գյուղի գյուղապետից և տեղի կոնյակի գործարանի տնօրեն Սերյոժա Գրիգորյանից՝ ասելով, որ այդ բռնարարությունը տեղի է ունեցել այդ երկու մարդկանց մասնակցությամբ:
«Գերեզմանատունը բուլդոզերով սրբել, դիմացի փոսն են լցրել: Ամեն մի գերեզման մեզ համար սրբավայր է, մենք կոչ ենք անում վերականգնել, չենք ուզում դիմել միջազգային ատյաններին»,- ասաց նա:
Բանախոսն ասաց նաև, որ գյուղապետի այն հակափաստարկը, թե դա մասնավոր հողատարածք է, չի համապատասխանում իրականությանը, քանի որ այդ տարածքում առաջին հանգուցյալը հողին է հանձնվել 1950 թվականին, իսկ Հայաստանում հողերը սկսել են սեփականաշնորհվել 1990 թվականից հետո:
Գերեզմանատունը գործել է ընդամենը 20 տարի, շիրիմներին դրված չի եղել որևէ տապանաքար՝ ընդամենը առանձնացված է եղել քարերով, իսկ հիմա այն հողին է հավասարեցված:
Բրո Հասանյանն ասաց նաև, որ հարցը լուծելու համար դիմելու են բոլոր պատկան մարմիններին՝ սկսած նախագահից:










































