Ինչպես տեղեկացրել էինք, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ, տեղի էր ունենում մարտի 15-ին Նոյեմբերյանի N զորամասում սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատական առաջին նիստը:
Ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպանները այդպես էլ չներկայացան: Նրանք հեռախոսազանգով տեղեկացրել են, որ մեքենան վթարի է ենթարկվել և չեն կարող ներկայանալ: Ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանը կրկին պնդեց, որ իր պաշտպանները ներկա լինեն դատական նիստին: Դատավորը հաջորդ դատական նիստը հայտարարեց հունվարի 29-ին՝ ժամը 14:00-ին:
Լյուքս Ստեփանյանի հարազատները չեն հեռանում, և այս պահին վիճաբանություն է: Նրանք պահանջում են ապացույց, որ ամբաստանյալի պաշտպանները վթարի են ենթարկվել: Դատավորը թեև խոստացավ փաստաթուղթ պահանջել տեղի ունեցած վթարի վերաբերյալ, սակայն հարազատներին դա չհամոզեց, և նրանք պահանջեցին հանդիպում դատավորի հետ: Դատավորը այս պահին ընդունում է Լյուքսի հարազատներին:











































