«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնության անդամները չեն պատրաստվում նահանջել: Նախաձեռնության ակտիվիստ Դավիթ Մանուկյանը նշեց, որ արդեն իսկ ուժի մեջ է մտել հակասոցիալական, հակասահմանադրական օրենքը, որի դեմ պետք է պայքարել: «Պետք է ցույց տալ կառավարությանը, նախագահին, նույն ՍԴ-ին, որ սա պարզապես արկածախնդիր երիտասարդների զբաղմունք չէ, մենք ամենազբաղվածն ենք, աշխատում ենք, վճարում հարկեր, որից պետական այրերը ստանում են աշխատավարձ: Միջնորդություն է ներկայացվել նաև, որ օրենքը կասեցվի: Այդ որոշումը ՍԴ-ն պիտի կայացնի մինչև ամսի 25-ը: ՍԴ-ն վերջնակետ չէ, յուրաքանչյուրս մեր սպասելիքներն ունի, կարևորը մեր համախմբված քաղաքացիներն են. սայլը տեղից շարժվել է: Միտքն արդեն տարածված է, եթե մտքի տիրոջը կարելի է ոչնչացնել, ապա միտքը ոչնչացնելն անհնար է»,- ասաց նա: Ի վերջո, ըստ Մանուկյանի, եթե քաղաքական ուժերն իրենց գործը պատշաճ չեն կատարում՝ քաղաքացիական հասարակության շահերը պաշտպանելու առումով, ապա քաղաքացիները պետք է իրենք ստանձնեն դա:
Ակտիվիստները կոչ են անում չանել ոչ մի քայլ, չընտրել ոչ մի ֆոնդ, քանի որ ընտրելով՝ անուղղակիորեն թեկուզ, համաձայնում ես դրան: Ըստ ակտիվիստի՝ սա հարկ չէ, այլ մարդու սեփականության իրավունքի չհիմնավորված սահմանափակում ու ոտնահարում: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին անդրադառնալով և որևէ արտահայտություն մեկնաբանել չցանկանալով հանդերձ՝ Մանուկյանը նշեց, որ չպետք է շեղվել, պարզապես «փառահեղ Հայաստանի Հանրապետության ոչ այնքան փառահեղ երկրորդ նախագահն իր կարծիքը հայտնել է», որը գուցեև շեղող մանիպուլյացիա է: «Գույք պարտքի դիմաց» «փառահեղ» պրոյեկտի հիմնադիրը խոսում է կապիտուլյացիաներից, ամեն դեպքում նա, որպես ՀՀ քաղաքացի, կարծիք հայտնելու իրավունք ունի: Ուղղակի կոչ եմ անում՝ մեր ջանքերը, ժամանակը, ոչ էլ ուղեղի մասը չարժե ծախսել այդ ուղղությամբ, դուրս գալ և շրջափակել փողոցը: Սայլը տեղից շարժվել է: Ես՝ իբրև ՀՀ քաղաքացի, իմ պարտքն եմ համարում փողոց դուրս գալ. խոհանոցում կամ ֆեյսբուքում խոսելը պայքար չէ»,- ասաց նա:
Ակտիվիստը պայքարի միակ ելքը գործադուլը չի համարում, նշում է, որ այն իմաստ ունի, եթե լինի տոտալ: Միայն այդ դեպքում է այն հնարավոր ու արդյունավետ ելք:
Ակտիվիստ Սևակ Ծատուրյանի խոսքով՝ սա առաջին դեպքն է, երբ ոչ իշխանական կուսակցությունները համախմբվում են մի հարցի շուրջ: Նրանք կոչ են անում մյուս քաղաքացիական նախաձեռնություններին՝ միանալ իրենց պայքարին, նաև պայքարի մի նոր տարբերակ են առաջարկում: «Մենք պիտի ընտրենք ֆոնդեր, երբ մենք չենք ընտրում, մեր փոխարեն ընտրում են, և գումարները տանում են՝ Սահմանադրություն խախտելով: Ուստի առաջին աշխատավարձից հետո, երբ մեր գումարները կտանեն, առաջին իսկ գումարները պահվելու դեպքում կոչ եմ անում դատարանները հեղեղել բողոքներով»,- ասաց նա: Ամեն դեպքում, Ծատուրյանի համոզմամբ, բոլորն էլ ինչ-որ կերպ պայքարելու են, դա կարող է նաև ստվերում աշխատելով դրսևորվել:
Նախաձեռնության անդամ Հարութ Աղլամազյանը կոչ արեց բոլոր կազմակերպություններին՝ երբեք ֆոնդեր և կառավարիչներ չընտրել. դրանով ցույց կտան, որ դեմ են նոր կենսաթոշակային օրենքին: «Կարծում ենք, որ սահմանադրական է նաև փողոցային պայքարը, որ խաղաղ բնույթ է կրում: Կկազմակերպվեն գործադուլներ, կարող են փողոցներ փակվել, որ Սահմանադրությամբ թույլատրելի են, բոլորը օրենքի շրջանակներում են: Սկզբում՝ մեկ, հետո՝ երեք օր, հետո՝ մեկ շաբաթ: Ամեն ինչ փուլային է լինելու»,- ասաց նա:










































