1998 թվականի հոկտեմբերի 30-ին, ժամը 21-ն անց 20-ին Երևանի ճարտարագիտական համալսարանի մոտակայքում մի երիտասարդի դիակ հայտնաբերվեց: Պարզվեց ինքնությունը՝ թբիլիսաբնակ հայ տղա էր՝ 17-ամյա Ռոբերտ Ս.-ն: Սովորում էր Մոսկվայի Նոր իրավաբանական համալսարանի Երևանի մասնաճյուղի առաջին կուրսում:
Երիտասարդի մահը բռնի էր՝ նրա մարմնին, դատաբժշկական եզրակացության համաձայն՝ 39 վնասվածք կար՝ դեմքին, պարանոցին, կրծքավանդակին, թիկունքին, որովայնին… Մահը վրա էր հասել դիակի հայտնաբերումից մոտ մեկ ժամ առաջ…
Համալսարանի մարզադահլիճի մոտ գտնվող աստիճաններին արյան հետքեր կային, աստիճանների տակ՝ արյունոտ սվիտեր: Պարզվեց, որ դա սպանվածի շորը չէր: Ուրեմն՝ սպանողը վիրավորվել էր…
Դեպքի վայր հրավիրվեց կինոլոգ՝ շան հետ: Շունը արյունոտ հետքի վրա ընկավ, անցավ բակերով, մի կիսակառույց մտավ ու հետքը կորցրեց մոտակա կանգառում:
Հոկտեմբերի լույս 31-ի գիշերը՝ ժամը 1-ն անց 30-ի սահմաններում , Ախուրյանի ներքին գործերի բաժնի աշխատակիցները մեծ արագությամբ ընթացող մի մեքենա կանգնեցրին: Մեքենան չկանգնեց: Չհետապնդեցին: Փողոցը, որով սլանում էր մեքենան, փակուղի էր տանում: Ինչպես էլ սլանային, նույն ճանապարհով հետ էին գալու:
Ու վերադարձան: Այս անգամ մեքենան կանգ առավ ոստիկանների մոտ: Վարորդն ասաց, թե ճանապարհը շփոթել ու մոլորվել է՝ Վանաձոր է տանում ուղևորներին, նրանք շտապում են… Իրոք՝ մոլորվել էին՝ Վանաձորն՝ ուր, Ախուրյանը՝ ուր…
Ոստիկանները փաստաթղթեր պահանջեցին:
Ուղևորները երկուսն էին՝ հետևի նստատեղին նստած տղաներ՝ վախեցած, պատանեկան դեմքերով, փախչող հայացքներով: Ոստիկանները նայեցին տղաների ձեռքերին: Երկուսի ձեռքն էլ փաթաթված էր միանման լաթով: Երբ սկսեցին բացատրել, թե ինչպես են վնասել ձեռքերը, խճճվեցին:
Նրանց ուղեկցեցին ոստիկանություն, որտեղ արդեն հայտնի էր Երևանում կատարված սպանության մասին:
Տղաներն ասացին, թե մտադիր էին Վանաձոր-Ստեփանավան-Թբիլիսի ճանապարհով Վրաստան մեկնել: Վարորդին չէին ճանաչում՝ պատահական մեքենա էին վարձել: Վարորդն այդ ճանապարհին ծանոթ չէր, իրոք՝ մոլորվել, Ախուրյան էր հասել…
Տղաներին վերադարձրին Երևան: Առավոտյան նրանք խոստովանեցին իրենց կատարածը:
Գավրիլ Կ.-ն՝ 1981 թվականին ՌԴ Տոլյատի քաղաքում ծնված, սովորում էր Մոսկվայի Նոր իրավաբանական համալսարանի Երևանի մասնաճյուղի առաջին կուրսում: Սպանված Ռոբերտի համակուրսեցին էր:
Աշոտ Կ.-ն՝ 1982 թվականին ՌԴ Տոլյատի քաղաքում ծնված, սովորում էր Երևանի Գլաձոր համալսարանի առաջին կուրսում:
Տղաները սկզբում ներկայացան որպես հորեղբորորդիներ: Դատարանում ժխտում էին բարեկամական որևէ կապ:
Գավրիլ Կ.-ն հայտնեց, թե հոկտեմբերի 30-ին դասերից հետո հանդիպել է Աշոտին, նրան ծանոթացրել է համակուրսեցի Ռոբերտի հետ: Որոշել են երքով ժամանակ անցկացնել:
Կերել-խմել էին Պռոշյան փողոցի խորտկարաններից մեկում: Հյուրասիրողը Ռոբերտն էր, բայց Գավրիլը նրա հանդեպ հակակրանք էր տածում, նրան համարում էր մեծամիտ ու մեծախոս: Իսկ այդ երեկո, օգտվելով Ռոբերտի հյուրասիրությունից, նրան ուղղակի ատեց՝ կարծում էր, թե Ռոբերտն իրենց վերևից է նայում…
Աշոտը Ռոբերտին խնդրեց ցույց տալ ոսկե ապարանջանը: Խնդրեց, որ երկու օրով տա իրեն: Ռոբերտը չմերժեց, բայց խնդրեց, որ անպայման վերադարձնի. «Նվեր է»՝ասաց Աշոտին:
Որոշեցին շարունակել «ժամանակ անցկացնելը»: Սակայն պարզվեց՝ փող չունեն: «Ապարանջանը ծախենք»՝ առաջարկեցին տղաները: Ռոբերտը չհամաձայնեց՝ նվեր է…
Տղաները նայեցին Ռոբերտի պարանոցին. «Ուրեմն շղթադ ծախենք»,- առաջարկեցին: Ռոբերտը նորից մերժեց՝ դա էլ էր նվեր: Գավրիլը ավելի ատեց Ռոբերտին: Նրան ավելի մեծամիտ համարեց, ցուցամոլ…
Երեքով հասան Հանրապետության հրապարակի սրճարաններից մեկը: Մի ծանոթի հանդիպեցին: Նա հրավիրեց սրճարան, հյուրասիրեց: Խմեցին:
Գավրիլը Աշոտին մի կողմ քաշեց և ուղղակի ասաց, թե մոտը զենք կա, կարող են Ռոբերտի հարցերը լուծել:
Աշոտը, որ Ռոբերտին մի քանի ժամ էր ճանաչում, համաձայնեց: Ըստ Աշոտի նախաքննական ցուցմունքների՝ ինքն էլ էր սկսել ատել Ռոբերտին՝ նա, իր կարծիքով շատ մեծ-մեծ էր խոսում: Աշոտը մտածել էր՝ «զենք» ասելով՝ Գավրիլը ատրճանակ նկատի ունի, բայց հետո տեսել էր, որ Գավրիլի մոտի զենքը խոհանոցային դանակ է…
Երեքով սրճարանից դուրս եկան, քայլեցին: Ռոբերտը ինչ-որ բան էր պատմում ոգևորված, իսկ Գավրիլը հայացքով խուլ անկյուն էր փնտրում, որ լռեցնի Ռոբերտին:
Երեքին էլ Երևանը առանձնապես ծանոթ չէր: Ռոբերտը հոգնել էր, մտածում էր, թե մոլորվել են: Բայց երեքով շարունակում էին քայլել…
Քայլեցին-քայլեցին, հասան ճարտարագիտական համալսարանի մարզադահլիճի մոտ: Լուռ մի բակ մտան: Գավրիլը գտավ իրեն հարկավոր «մութ ու խուլ անկյունը»:
Աշոտը քայլում էր դեպի աստիճանները, երբ հետևից տնքոց լսեց: Շրջվեց ու տեսավ, որ Գավրիլը դանակով խփում է Ռոբերտին:
Ըստ դատավճռի՝ «հակակրանքի, ատելության և վրեժխնդրության ազդեցության տակ Գավրիլ Կ.-ն դանակի 20 հարված է հասցրել տուժողի մարմնի տարբեր մասերին: Այդ ընթացքում Աշոտ Կ.-ն բռնել է տուժողի պարանոցից, որ նա չդիմադրի: Տուժողի ընկնելուց հետո Գավրիլը ոտքերով ու դանակով շարունակել է խփել, դանակով հարվածել է տուժողի պարանոցին…»:
Ռոբերտը մահացավ տեղում: Կատաղի կերպով նրան հարվածներ հասցնելու ընթացքում Գավրիլը դանակով վնասել էր իր ու Ռոբերտի պարանոցը բռնած Աշոտի ձեռքերը…
Երբ հեռանում էին սպանված տղայի մոտից, Գավրիլը հանեց արյունոտ սվիտերը, սրբեց վիրավոր ձեռքը, շորը նետեց աստիճանների տակ: Բակերով հեռանալու ժամանակ Աշոտը հանեց շապիկը, պատռեց, նրանք կապեցին իրենց վնասված ձեռքերը…
Ռոբերտի ապարանջանը նրանց մոտ էր: Մտածեցին՝ վաճառեն ու փախչեն Հայաստանից: Բայց ապարանջանը չվաճառվեց: Ժամանակ չունեին դրանով զբաղվելու: Մի քիչ փող ճարեցին: Պատահական մեքենա կանգնեցրին, խնդրեցին շտապ Վանաձոր հասցնել: Եվ հայտնվեցին Ախուրյանում…
Գավրիլին ու Աշոտին մեղադրանք առաջադրեցին ծանրացուցիչ հանգամանքներում` շահադիտական դրդումներով, առանձին դաժանությամբ սպանության համար՝ այն ժամանակվա քրեական օրենսգրքի 99 հոդվածի 1-ին, 6-րդ կետերով:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը 1999 թվականի մարտի 4-ի դատավճռով ամբաստանյալների մեղադրանքի ծավալից հանեց սպանությունը շահադիտական դրդումներով կատարելու մեղադրանքը՝ հոդվածի 1-ին կետը:
Ըստ դատական ակտի՝ տուժողը կամովին, սպանությունից ժամեր առաջ էր իր ապարանջանը տվել Աշոտին: Շահադիտական դրդումների առկայության դեպքում ամբաստանյալները կվերցնեին նաև տուժողի ոսկե շղթան, բայց չէին վերցրել: Իսկ ապարանջանը պահել էին, որ վաճառեն ու փախչեն Հայաստանից:
Դատարանը եզրահանգեց, որ դիտավորյալ սպանությունը կատարվել է կենցաղային հողի վրա, առանձին դաժանությամբ:
Գավրիլ Կ.-ն դատապարտվեց 8 տարի 6 ամիս, Աշոտ Կ.-ն՝ 8 տարի ազատազրկման:
Վերաքննիչ քրեական դատարանը դատավճիռը փոփոխեց միայն պատժաչափի մասով՝ խստացման առումով:
Որպես ամբաստանյալների պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք՝ դատարանը հաշվի առավ, որ սպանությունը կատարել են խմբով և ալկոհոլի ազդեցության տակ:
Գավրիլ Կ.-ն դատապարտվեց 10 տարի, Աշոտ Կ.-ն՝ 9 տարի ազատազրկման: Ավելի խիստ պատժաչափ լինել չէր կարող, որովհետև Գավրիլն ու Աշոտը, ինչպես և Ռոբերտը, սպանությունը կատարելու պահին անչափահաս էին՝ 17 տարեկան…










































