ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հետ հանդիպմանը նշել է հաջողությունները, որոնք ձեռք է բերել Իսպանիայի կառավարությունը երկիրը տնտեսական ճգնաժամից դուրս բերելիս՝ հաղորդում է El Pais պարբերականը:
Օբաման և Ռախոյը հանդիպել են Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը: ԱՄՆ նախագահը միևնույն ժամանակ նշել է, որ չլուծված և կարևոր են մնում այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են գործազրկության բարձր մակարդակը, տնտեսական աճի տեմպերը:
«Չնայած Իսպանիան կայունանում է՝ դեռևս չլուծված խնդիրներ կան»,- նշել է ԱՄՆ նախագահը:
Ռախոյն իր հերթին նշել է, որ գործազրկությունը շատ կարևոր խնդիր է, և այն հնարավոր է լուծել նոր աշխատատեղեր ստեղծելու միջոցով: Իսպանիայի կառավարության ղեկավարը նաև նշել է, որ հաջորդ տարի Կատալոնիայի անկախության հարցով նախատեսված հանրաքվեն կարող է վնասել Իսպանիայի տնտեսությանը, սակայն հավաստիացրել է, որ Կատալոնիայի «առանձնացում տեղի չի ունենա»:







































