«Առավոտ» թերթը իր խմբագրականում գրում է. «Պարզվում է՝ 2000-ականների սկզբին Հայաստանում շինարարական փուչիկ էր փչվում՝ ի վնաս մեր երկրի և տնտեսության հետագա զարգացման, իսկ Կենտրոնական բանկի նախագահը այդ «փուչիկի» վերաբերյալ ծպտուն չէր հանում։ Մյուս կողմից՝ պարզվում է, որ 10 տարվա ընթացքում՝ 1998-2008 թվականներին, Հայաստանի գլխավոր ֆինանսական կառույցը՝ Կենտրոնական բանկը, ղեկավարում էր խիստ անգրագետ և բարոյական կասկածելի որակներ ունեցող անձնավորություն, սակայն երկրի նախագահը այդ հանգամանքի վրա աչք էր փակում։ Եվ միայն այսօր՝ տարիներ անց, նրանք երկուստեք պարզեցին, թե ինչպիսի հրեշավոր թիմակիցներ են ունեցել և ինչպիսի տիտանական ջանքեր էին գործադրում՝ նրանց սխալներն ուղղելու համար։
Իհարկե, ճիշտ է Ռոբերտ Քոչարյանը՝ մեր բոլոր պետական ինստիտուտները (բացի բանակից) վարկաբեկված են։ Թե ով, երբ և ինչ լումա է ներդրել այդ վարկաբեկման գործում՝ մի կողմ թողնենք։ «Գազային» պատմությունից հետո, այո, էլ ավելի վարկաբեկվեց կառավարությունը։ Բայց մեզանում վարկաբեկվել է նաև քաղաքական պայքարը. և դրա պատճառներից մեկն էլ այն է, որ այն չի ընկալվում որպես բաց, ազնիվ, սկգբունքային պայքար։ Ընկալվում է կա՜մ որպես իշխանության մեջ գտնվող տարբեր «թայֆաների» կռիվ, որն, ի վերջո, ունի տնտեսական հիմք, կա՜մ որպես նախկին թիմակիցների ինչ-ինչ անձնական հաշիվների պարզաբանում, ժողովրդի լեզվով ասած՝ «հին մեռելների թաղում»»,–գրում է թերթը։
Ամոբղջությամբ՝ թերթի այսօրվա համարում:







































