Իսրայելի ոստիկանությունն այսօր առավոտյան սկսել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի հերթական հարցաքննությունը՝ կաշառակերության և վստահությունը չարաշահելու գործի հետաքննության շրջանակում: Այս մասին հաղորդում է «Կան»հեռուստառադիոընկերությունը:
Նեթանյահուն երկու քրեական գործով անցնող անձ է՝թանկարժեք նվերներ ստանալու («գործ՝ 1000») և «Եդիոթ-Ահրոնոթ» մեդիախմբի հետ պայմանավորվածության («գործ՝ 2000»): Ոստիկանությունն արդեն գործերը դատախազություն է փոխանցել՝ առաջարկելով վարչապետին մեղադրել կաշառակերության, խարդախության և վստահությունը չարաշահելու մեջ:
Նշվում է, որ սա արդեն վարչապետի 12-րդ հարցաքննությունն է:
Այսպես կոչված, «գործ՝ 1000»-ի շրջանակում Նեթանյահուին կասկածում են գործարարներից շուրջ 300 հազար դոլարի թանկարժեք նվերներ ստանալու մեջ: «Գործ՝ 2000»-ում խոսքը վարչապետի՝ երկրում ամենախոշոր մեդիա խմբերից «Եդիոթ Ահրոնոթ»-ի հետ պայմանավորվելու փորձերի մասին է, որը պետք է դրական կողմից լուսաբաներ կառավարության գործունեությունը: Փոխարենը մեդիախմբի մրցակցի գործունեությունը սահմանափակող օրենք կընդունվեր:











































