Ինչպես հայտնում է Regnum գործակալությունը` հղում կատարելով Reuters-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի վրա մեծ ճնշումներ են գործադրվում Կազանի հանդիպման ժամանակ բեկում գրանցելու համար.
«Շատ տարիների պայքարից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջնորդ երկրներ հանդիսացող ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան պնդում են, որ կողմերը պետք է լուրջ քայլ գործեն։
Նախագահներ Օբաման, Սարկոզին և Մեդվեդևը հուսով են, որ Կազանում կստորագրվի 14 կետից բաղկացած շրջանակային փաստաթուղթը, որը հիմք կդնի խաղաղ կարգավորման բանակցությունների համար։
Դրանք առնչվում են Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմանը, նրան հարակից շրջանների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ վերադարձին՝ բացառությամբ Հայաստանն ու Ղարաբաղը միմյանց կապող միջանցքի։ Մյուս սկզբունքները վերաբերում են երկու կողմի փախստականների վերադարձին, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակին, նրա ինքնավարության ու անվտանգության ապահովմանը, ինչպես նաև անվտանգության միջազգային երաշխիքներին»։
Reuters-ն ընդգծում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում բեկման գրանցումն օգտակար կլինի Մեդվեդևի, Օբամայի ու Սարկոզիի համար, որոնք կարող են հաջորդ տարի իրենց երկրներում կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրել սեփական թեկնածությունները։








































