«Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավել Մանուկյանը և Արմեն Բիլյանը երեկվանից հացադուլ են հայտարարել։ Այդ մասին նրանք հայտարարեցին երեկ կայացած դատական նիստի ընթացքում: Նրանք հայտարարեցին, որ հացադուլը կշարունակեն այնքան ժամանակ, քանի դեռ իրենց խափանման միջոցը չի փոխվել։ Պավել Մանուկյանը հայտարարել է, որ հրաժարվում է նաև բժշկական օգնությունից: «Ես հայտարարել եմ, որ իմ ժողովրդի համար պատրաստ եմ նրա ոտքերի տակ մեռնել, մարմինս որպես կամուրջ քո ոտքերի տակ, իմ հայ ժողովուրդ… Քանզի իմ բոլոր ապացույցները և բերված ապացույցները հնարավորություն չեն տալիս դատարանում անաչառ վերաբերմունք ցուցաբերել հատկապես իմ խափանման միջոցի հետ կապված, այսօր դատարանում ես հայտարարում եմ՝ որպես պայքարի միջոց մտնում եմ հացադուլի մեջ, հրաժարվելու եմ բժշկական բոլոր տեսակի օգնություններից, դեղամիջոցներից, հետագայում խնդիր առաջանալու դեպքում «Դատապարտյալների հիվանդանոցի» անձնակազմին ոչ մի բան չառաջարկել և չառաջադրել: Մտնում եմ հացադուլ՝ մինչև խափանման միջոցը չփոխվի»,- դատական նիստի ժամանակ հայտարարեց Պավել Մանուկյանը:
Նշենք, որ հեղափոխությունից հետո «Սասնա ծռեր»-ից մի շարք անդամներ պատգամավորների անձնական երաշխավորությամբ հայտնվեցին ազատության մեջ։ Սակայն առ այսօր կալանքի տակ են դեռևս «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Բիլյանը, Պավել Մանուկյանը, Սմբատ Բարսեղյանը:
Արմեն Բիլյանի և Պավել Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն ասաց, որ հացադուլից հետո ինքը դեռ չի տեսակցել իր պաշտպանյալներին, բայց և չի կարող քննարկման առարկա դարձնել հարցը, քանի որ դա եղել է իր պաշտպանյալների որոշումը։
Ինեսսա Պետրոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Արմեն Բիլյանի մասով երբևէ պատգամավորական երաշխավորագիր չի ներկայացվել նրա խափանման միջոցը փոփոխելու համար։ Եղել է պարզապես միջնորդություն փոխելու խափանման միջոցը, որը մերժվել է դատարանի կողմից, և հիմա այդ մերժման որոշումը վիճարկվում է Վճռաբեկ դատարանում։ «Բացի դրանից՝ ես պատրաստվում են նաև առաջիկայում դիմել պատգամավորներին, որպեսզի պատգամավորական երաշխավորագիր ներկայացնեն Բիլյանի մասով։ Ճիշտ է, Բիլյանին մեղսագրված է առավել ծանր արարք, նա մեղադրվում է սպանության մեջ, բայց գիտեք, որ վերջին շրջանում դատարանում հնչեցին հայտարարություններ, որ Բիլյանը չի եղել այդ սպանությունը կատարողը։ Ուստի կարծում եմ, որ երաշխավորագիր լինելու դեպքում դատարանը պետք է բավարարի Արմեն Բիլյանի խափանման միջոցը փոփոխելու միջնորդությունը»,- ասաց տիկին Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ վերջին դատական նիստերից մեկում Պավել Մանուկյանը հայտարարեց, որ ՊՊԾ գնդում ձեռքից վիրավորված, ապա հիվանդանոցում մահացած ոստիկանի վրա կրակել է ոչ թե սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանը, այլ խմբի մեկ ուրիշ անդամ՝ ներկայումս ազատության մեջ գտնվող Էդվարդ Գրիգորյանը։ Մանուկյանը նաև հայտարարել էր, թե գնդի տարածքում գտնվող բանկոմատը կոտրել է ոչ թե Արմեն Բիլյանը, այլ նույնպես ազատության մեջ գտնվող Մխիթար Ավետիսյանը։ Վերջինս, ի դեպ, Պավել Մանուկյանի կնոջ եղբայրն է։
Ինչ վերաբերում է Պավել Մանուկյանին, ապա նրա մասով մինչ այս եղել է պատգամավորական երաշխավորագիր, սակայն դատարանը մերժել էր այն, ինչը, Ինեսսա Պետրոսյանի խոսքերով, այնքան էլ հիմնավոր չէ, քանի որ Պավել Մանուկյանի մեղադրանքը այդքան էլ ծանր չէ։
Նշենք, որ Պավել Մանուկայնի ու Արմեն Բիլյանի հացադուլի ու նրանց անազատության մեջ պահելու մասով հայտարարություն է արել նաև Վարուժան Ավետիսյանը։ Նա հորդորել և խնդրել է նախ Պավել Մանուկյանին և Արմեն Բիլյանին չգնալ ծայրահեղ քայլի և իմանալ, որ դա ամբողջ ժողովրդի պահանջն է, և հորդորել դատավարության մյուս մասնակիցներին (դատախազություն և դատարան), որ ավելի լայն համատեքստի մեջ նայեն այս երևույթին, քան թե ուղղակի որպես քրեադատավարական գործընթացի մի բաղադրիչի:
«Արդեն ակնհայտ է, որ հատկապես խափանման միջոցը փոխելու հարցով պահանջը խիստ հասունացած է, միանգամայն արդարացի է և դա ոչ միայն կոնկրետ Պավել Մանուկյանի կամ Արմեն Բիլյանի պահանջն է, այլ ամբողջ ժողովրդի պահանջն է: Իրավիճակ է փոխվել Հայաստանում, շարունակում է փոխվել ու այդ փոփոխությունը պետք է արձանագրվի:
Եթե այդ փոփոխությանը համապատասխան որոշումներ չկայացվեն, ապա մենք կունենանք անցանկալի իրավիճակներ ամեն առումներով՝ թե՛ հոգեբանական, թե՛ ներքին լարումներ, թե՛ ընդհանրապես ժողովրդի հույսի և հավատի անկում, և այլ կարևոր որակական գործոնների կորուստներ, որոնք էապես կվնասեն մեր ազգային անվտանգությանը և մեր առաջընթացին»,- ասված է հայտարարության մեջ:






































