Բրիտանական ոստիկանության տվյալներով՝ իռլանդացի ազգայնականնները մոտ 150 տարի առաջ պատրաստել են Վիկտորյա թագուհու առևանգման ծրագիր: Այս մասին հայտնի է դարձել վերջերս գաղտնազերծված ու հրապարակված փաստաթղթերից՝ հայտնում է The Times-ը:
1867 թվականին պատրաստվող հանցագործության մասին հայտնի է դարձել Մանչեսթերի ոստիկանությանը: Գաղտնի գործակալներից ստացված տեղեկության համաձայն՝ «Իռլանդական հեղափոխական եղբայրության» զինված ահաբեկիչները ծրագրել են առևանգել թագուհուն, երբ նա հանգստանալիս լինի իր շոտլանդական նստավայրում՝ «Բալմորալ» ամրոցում: Նրանք պատրաստվում էին միապետին փոխանակել իրենց բանտարկված զինակիցների հետ:
Առևանգման նախապատրաստման մասին իրազեկվել էին նախարարների կաբինետն ու Լոնդոնի ոստիկանությունը՝ Սկոտլանդ Յարդը: Ամրոցի անվտանգությունն ուժեղացվել էր, սակայն հարձակում այդպես էլ չէր եղել:
«Իռլանդական հեղափոխական եղբայրությունը» եղել է գաղտնի կազմակերպություն, որը XIX դարի երկրորդ կեսին և XX դարի սկզբին պայքարել է Մեծ Բրիտանիայից Իռլանդիայի անկախության համար: 1860-70-ականներին ազգայնականները սկսել են ահաբեկչական մեթոդներ կիրառել:











































