Էկոնոմիկայի նախարարությունում կառուցվածքային փոփոխություններն արդեն ավարտվել են։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։
«Կատարվեցին նաև մի շարք կադրային նշանակումներ նախարարության համակարգի ենթակառուցվածներում, նշանակվեց ՓՄՁ ԶԱԿ-ի նոր տնօրեն՝ Տիգրան Հարությունյանը, ունենք որակի տեսչության նոր ղեկավար՝ Լևոն Խալիկյան։ Ես նրա հետ աշխատել եմ նաև Ֆինանսների նախարարությունում։ Վահե Ճուղուրյանը նշանակվել է գների կարգավորման կենտրոնի տնօրեն։ Մենք ունենք նաև նոր խորհրդական՝ Իգոր Զարգարյանը, որը որ զբաղվելու արդյունաբերական հարցերով։ Մրցունակության խորհրդի նոր տնօրեն է նշանակվել Արմեն Խաչատրյանը, այդ խորհուրդը ֆորմալ առումով մեր համակարգի կառույց չէ, բայց մեր կարևորագույն գործընկեր կառույցն է»,- հայտարարեց Տ. Դավթյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե Մրցունակության խորհրդի նախկին ղեկավար Բեկոր Փափազյանի հրաժարականը արդյոք կապված չէ՞ր նրա հետ, որ վերջինս դեմ էր երկաթի հանքերից մեկի շահագործմանը՝ որպես զբոսաշրջության զարգացմանն սպառնացող գործոն։ «Չեմ կարծում, թե դա էր Բեկոր Փափազյանի հրաժարականի պատճառը»,- ասաց Տ. Դավթյանը՝ հավելելով, որ Սյունիքի մարզում կարելի է զարգացնել և՛ հանքարդյունաբերություն և՛ զբոսաշրջություն։








































