Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանն արձանագրում է, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն այս տարվա ընթացքում:
Վարչապետի՝ Երևանի Բաղրամյան 26 հասցեում գտնվող նստավայրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ քննարկումից հետո թղթակցի հետ զրույցում փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ այս տարվա ընթացքում Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ որոշում կայացնելու են ոչ թե գործող խորհրդարանի պատգամավորները, այլ հայ ժողովուրդը:
Հարցին` իրենց համար անակնկա՞լ էր խորհրդարանի կողմից Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծն ընդունելու որոշումը, փոխվարչապետը պատասխանեց, որ ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից ու ՀՅԴ-ից անակնկալներ այլևս չեն սպասում: «Այդ ուժերը պարզապես փորձում են ինչ-որ ժամանակով երկարացնել այս Ազգային ժողովի կյանքը, ինչը մենք թույլ չենք տա»,- շեշտեց փոխվարչապետը:










































